04/02/2009 11:17
Սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը
Նախօրեին` երեկոյան ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ` հրազենից արձակված կրակոցներից, սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի, շտապ բուժօգնության բրիգադը տեղում արձանագրել է, որ Գ. Մհերյանը մահացել է գլխին և մարմնին ստացած` կյանքի համար անհամատեղելի հրազենային վնասվածքներից:
Փորձագետների կողմից դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի փամփուշտի ութ պարկուճ: Արձակված գնդակներից երեքը դիպել է Գ. Մհերյանի գլխին, մեկը` մարմնին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածով` սպանություն:
Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու համար: Քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: