05/02/2009 15:09
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը 161 մլն դրամ է հատկացվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության որոշմամբ, ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդի հաշվին, 161 մլն դրամ է հատկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով «ՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ» ՍՊԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով։
Որոշումն ընդունվել է` Տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. հունվարի 23-ի արձանագրային որոշման համաձայն։ Հաշվի է առնվել, որ հիշյալ ՍՊԸ-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 50 նոր աշխատատեղերի ստեղծմանը, Վայոց Ձորի եւ հարակից մարզերի 100-ից ավելի ընտանիքների ներգրավմանը խոտաբույսերի հավաքման աշխատանքներում, նոր արտադրատեսակների` ուրցադաղձի, ծիրանի եւ դեղձի թեյերի արտադրության կազմակերպմանը եւ արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը։
Այս որոշման կապակցությամբ, վարչապետը նշել է, որ կառավարությունը ստանձնել է նմանատիպ ծրագրերը հանրության վերահսկողության ներքո իրականացնելու պարտավորություն։ «Ցանկացած գումար, որ մենք հակաճգնաժամային միջոցառումների շարքում տրամադրում ենք, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկել դրա ծախսման գործընթացը», - ասել է Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով ՀՀ էկոնոմիկայի նախարարին կազմակերպել ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով այդ ծրագիրը հանրությանը ներկայացնելը և հետագայում հատկացված գումարի օգտագործման վերաբերյալ պարբերաբար հանդես գալ հաշվետվությամբ։
Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության հետ որոշման տեքստի վրա աշխատել, այն տրամաբանությամբ, որպեսզի այդ գումարները տրամադրվեն վերադարձելիության սկզբունքով։