05/02/2009 15:23
300 մլն դրամ` Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման համար
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին` Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։
Կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը։
Որոշումն ընդունվել է` հիշյալ շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու և նրանց նոր բնակտարածություն տրամադրելու խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով։
Սահմանվել է, որ ՀՀ սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացվում են Երևանի քաղաքապետի կողմից` ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով այդ նպատակների համար նախատեսված հատկացումների հաշվին կառուցվող բնակելի շենքերից։
Համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի մասով նշված գործառույթը Երևանի քաղաքապետն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրակացարանային շենքը նվիրաբերության պայմանագրով ՀՀ-ին անհատույց հանձնելուց հետո։
Բնակիչներին բնակարաններով ապահովելու և հանրակացարանային շենքերի քանդման աշխատանքների իրականացման պատասխանատու է ճանաչվել Երևանի քաղաքապետը, իսկ համակարգող` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը։
Երևանի քաղաքապետին հանձնարարվել է ընդունել թաղային համայնքների ավագանիների առաջարկությունները` համայնքների սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանները ՀՀ-ին` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ և ՀՀ-ի անունից համայնքների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` ապահովելով գործարքների նոտարական վավերացումը և պետության սեփականության իրավունքների գրանցումը։
ՀՀ բյուջետային գործընթացների շրջանակներում սահմանված կարգով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ժամանակ ներկայացնել հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու և այդ շենքերի քանդման համար անհրաժեշտ բյուջետային ֆինանսավորման հայտ։ Հանձնարարվել է նաև ՀՀ ԿԱ ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին, ինչպես նաև առաջարկվել Երևանի թաղային համայնքների ղեկավարներին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քանդման ենթակա հանրակացարանային շենքերի բնակեցումից ազատված կացարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում և անձնագրային հաշվառում։
ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հարցման համաձայն, վթարային հանրակացարանային շենքերում բնակվող փախստականների հաշվառման, նրանց ընտանիքներին բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր հատկացված լինելու, քաղաքացիների անձնագրային հաշվառման, ՀՀ-ի տարածքում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը տրամադրել հարցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։
Երևանի քաղաքապետին հանձնարարվել է քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի տեխնիկական վիճակի մասին ստացված եզրակացությունները և տարեկան ծրագրերում ընդգրկված հանրակացարանային շենքերի բնակելի կացարանների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց հետ կնքվող անշարժ գույքի փոխանակման պայմանագրերը ներկայացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վթարային բնակելի կացարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու և քաղաքացիների սեփականության իրավունքի դադարման և պետության գույքային իրավունքների պետական գրանցումներ իրականացնելու նպատակով։
Սահմանվել է, որ վթարային հանրակացարանային բնակելի շենքերը` բնակիչներին բնակարաններ հատկացնելու աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում ենթակա են քանդման` մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից։