07/02/2009 10:52
ՄԱԿ-ի միջազգային դատարանում փոխվել է ղեկավարությունը
ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահ է ընտրվել ճապոնացի Հիսասի Օվադան: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
76-ամյա Օվադան այդ պաշտոնում փոխարինեց բրիտանացի դատավոր Ռոզալին Հիգինսին: Դատարանի նոր նախագահի տեղակալ է ընտրվել 52-ամյա սլովակ դատավոր Պետեր Տոմկան:
Նշենք, որ դատարանի նախագահի և նրա տեղակալի ընտրություններն անցկացվում են ամեն երեք տարին մեկ անգամ՝ գաղտնի քվեարկությամբ, որին մասնակցում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի բոլոր 15 դատավորները: Դատարանը գտնվում է Հաագայում:
Հիսասի Օվադան ՄԱԿ-ի միջազգային դատարանի դատավոր է 2003 թվականից: 2001 թվականից նա նաև Միջազգային արբիտրաժային դատարանի մշտական անդամ է: 1994-1998 թթ.-ին նա եղել է ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչը: Նշվում է, որ նա ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:
Նշենք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը լուծում է պետությունների միջև ծագած իրավաբանական վեճերը, ինչպես նաև՝ խորհրդատվական եզրակացություններ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդրանքով: