07/02/2009 11:59
Սենատորները հավանություն են տվել տնտեսական աջակցության ծրագրին
Ուրբաթ օրը ԱՄՆ Սենատի անդամները նախնական համաձայնության են եկել հավանություն տալ Բարաք Օբամայի վարչակազմի առաջարկած ամերիկյան տնտեսության աջակցության՝ շուրջ 780 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրին: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Գործակալության աղբյուրը, ցանկանալով գաղտնի մնալ, ընդգծել է, որ համաձայնություն ձեռք է բերվել դեռ միայն Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ոչ ծայրահեղական ներկայացուցիչների միջև, այդ իսկ պատճառով քվեարկությունից առաջ պետք է ստանալ վերին պալատի ամբողջ դեմոկրատական մեծամասնության աջակցությունը: Քվեարկության ամսաթիվը դեռ չի հրապարակվում:
Սկզբում կանխատեսվում էր, որ տնտեսության աջակցության համար կհատկացվի 937 միլիարդ դոլար, սակայն Կոնգրեսի ստորին պալատի քննարկումից հետո հատկացվող գումարի չափը կրճատվեց մինչև 819 միլիարդ դոլար, իսկ Սենատի հետ համաձայնությունից հետո՝ մինչև 780 միլիարդ: