09/02/2009 18:22
Նախաստորագրվել է վարկի տրամադրման համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջև նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր:
Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն, ըստ համաձայնագրի, ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է:
Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որևէ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, և, ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձևավորված վարկավորման պայմանների համեմատությամբ, վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով: