09/02/2009 10:24
Դարչինյանը կրկին հաղթող է
ԱՄՆ-ում տեղի ունեցավ աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի և մեքսիկացի հանրաճանաչ բռնցքամարտիկ Խորխե Արսեի մենամարտը: Վախթանգ Դարչինյանը կատարեց իր խոստումը` արձանագրելով ևս մեկ հաղթանակ:
Ողջ մարտի ընթացքում հայ բռնցքամարտիկը տիրում էր նախաձեռնությանը և շատ էր հարձակվում:
Մեքսիկացի բռնցքամարտիկը համեմատաբար ավելի ակտիվ էր միայն երրորդ ռաունդում: Արդեն 4-րդ ռաունդի վերջնամասում Դարչինյանին հաջողվեց ուժեղ հարվածով ցնցել Արսեին:
«Նա զարմացրեց ինձ, - մարտից հետո հայտարարել է հայ բռնցքամարտիկը:- Չէի սպասում, որ կարող է այսպիսի մարտ անցկացնել: Արսեն ապացուցեց, որ լավ և կոշտ բռնցքամարտիկ է: Ես նրան մի քանի լավ հարվածներ հասցրեցի, սակայն Արսեն շարունակում էր պայքարել», - իր մրցակցի վերաբերյալ կարծիք է հայտնել «Կատաղած ցուլը»:
11-րդ ռաունդում Վախթանգի չափազանց ուժեղ հարվածից հետո պատռվեց մրցակցի աչքը, և արյունահոսություն սկսվեց: Վերջին ռաունդից առաջ` ընդմիջման ժամանակ, բժիշկը որոշում կայացրեց դադարեցնել մենամարտը, քանի որ մեքսիկացի բռնցքամարտիկն այլևս ի վիճակի չէր շարունակել այն: Այս կապակցությամբ, Վախթանգ Դառչինյանը ասաց.
«Ուզում էի մրցամարտն ավարտել նոկաուտով, և եթե մենամարտը շարունակվեր, շատ հնարավոր էր, որ այդպես էլ կլիներ»: