10/02/2009 18:29
Ֆինանսական ոլորտի բացթողումները շտապ լուծում են պահանջում
ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ՀՀ կառավարությանը ներկայացրեց 2008 թ-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը և անդրադարձավ չիրականացված ծրագրերին ու միջոցառումներին: Նախարար Տ. Դավթյանի խոսքերով, 2008 թ-ի համար նախատեսված բոլոր ծրագրերը կատարվել են, այդ թվում որոշ ծրագրեր կատարվել են վերապահումով:
Ավարտին չհասցված ծրագերի բացթողումները Ֆինանսների նախարարը կապեց աշխատանքը համատեղ իրականացնող միջազգային կառույցների` ոչ նշված ժամանակին աշխատանքն ավարտելու հետ: Որոշ աշխատանքներ էլ, ըստ Տ. Դավթյանի, ոչ լրիվ ծավալով են կատարվել, քանի որ դրանք ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են մի շարք այլ ոլորտներ, որոնք չունեն համապատասխան հնարավորություններ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, լսելով նախարարի ներկայացրած հաշվետվությունը և 2009 թ-ին իրականացվելիք գերակա քայլերի ծրագրերը, ընդգծեց, որ դրանցից շատերն անհապաղ լուծումներ են պահանջում: Տ. Սարգսյանն անդրադարձավ նաև «Դուինգ բիզնես» ծրագրին, և նշեց, որ այս ծրագրի` մաքսային վարչարարության բնագավառում պահանջվող փաստաթղթերի քանակը պետք է նվազեցնել` հասցնելով մինչև 3-ի, որպեսզի քաղաքացիները ազատվեն փաստաթղթային ավելորդ քաշքշուկներից:
Վարչապետը նշեց նաև, որ կան անելիքներ` գնումների նոր հայեցակարգի մշակման, էլեկտրոնային գնումների համակարգ ստեղծելու և կատարելագործելու, լիcենզավորման և թույլտվությունների ընթացակարգի կատարումը ապահովելու ուղղություններով: