10/02/2009 11:37
Տարածաշրջանի շարժում-փիլիսոփայություն ժանրում գործող միակ թատրոնը
Հայաստանում, ի թիվս բազմաթիվ թատրոնների, գործում է «Միհր» պլաստիկ պարային թատրոնը, որը միակն է տարածաշրջնում` որպես շարժում-փիլիսոփայություն ժանրում ստեղծագործող թատերախումբ: Այն Ռուսաստանում և Եվրոպայում գործող նմանատիպ թատրոններից տարբերվում է` ներկայացումներում հայ ազգայինը սինթեզելու շնորհիվ:
Որքան էլ զարմանալի լինի` «Միհր» պլաստիկ պարային թատրոնը հիմնադրվել է երկու երիտասարդների` քույր և եղբայր Շողակաթ և Ցոլակ Մլքե-Գալստյանների կողմից 2003 թ-ին: Ինչպես թատրոնի հիմնադիրները, այնպես էլ դերասանական և ստեղծագործական ողջ խումբը երիտասարդներ են, որոնցից շատերն անգամ չունեն դերասանական կրթություն:
Լինելով երիտասարդների ու երիտասարդ թատրոն, չունենալով հովանավորներ կամ աջակիցներ` թատրոնը կարողացել է անցել երկար ու դժվար ճանապարհ ու հաստատել է իր տեղը մնացած թատրոնների ու թատերական խմբերի կողքին: Ինչպես պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ցոլակ Մլքե-Գալստյանը, թատրոնի առաջին հանդիսատեսները եղել են դերասանների բարեկամները, իսկ այսօր այն ունի հանդիսատես, որը միշտ թատրոնի կողքին է և ներկա է նրա յուրաքանչյուր ներկայացմանը:
«Միհր» թատրոն այժմ էլ չունի հովանավորներ: Այն ստեղծագործում է «Հայարտ» մշակութային կենտրոնում, իսկ ներկայացումներ է խաղում Թատերական գործիչների միության դահլիճում:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում ասաց Ց. Մլքե-Գալստյանը, թատրոնը չի պատկանում խաղացանկային թատրոնների դասին: Այժմ ունի «գործող չորս ներկայացումներ, որոնք խաղում են հետզհետե»: Այդ ներկայացումներն են «Գույներ», «Արդյո՞ք խենթ եմ ես», «Ակունք» ու «Սանասար և Բաղդասար»:
«Խաղացանկային չէ, քանի որ, իմ խորին համոզմամբ, երբ դերասանը հարյուր անգամ խաղում է նույն դերը` ոչ թե այն բանի համար, որ նա խնդիր է դրել խաղալու այդ դերը, այլ որովհետև այն նախատեսված է ծրագրով, նա իր մեջ ոչնչացնում է դերասանին»,- բացատրեց Ց. Մլքե-Գալստյանը և հավելեց. «Իմ դերասանները շատ ավելի լուրջ են: Նրանք երբեք չեն խաղա սերիալներում` անգամ գումար աշխատելու նպատակով: Արվեստն ընտրող մարդը չպետք է մտածի գումար աշխատելու մասին»,- համոզված է Ց. Մլքե-Գալստյանը, ով վստահ է, որ արվեստը նվիրում է պահանջում և անպայման վարձատրում է նվիրյալներին:
Թատրոնի դերասանները գումար վաստակում են տարբեր տեսակի միջոցառումներում մասնակցություն ունենալով: Երբեմն նրանք նկարահանվում են նաև գեղարվեստական ֆիլմերում, որտեղ անհրաժեշտություն կա ասելիքն արտահայտել շարժումների լեզվով:
«Մեր խնդիրն առաջինը փիլիսոփայությունն է ու հոգեբանական ապրումները: Երբ ասելիքդ բառերով չես կարողանում արտահայտել, որը լեզվի խնդիր ունի, շարժման միջոցով ասելիքդ հասկանալի է լինում բոլորին` անկախ ազգությունից և լեզվի իմացությունից»,- նշեց գեղարվեստական ղեկավարը, ում խոսքերի համաձայն, կյանքի ամենակարևոր իրավիճակներում մարդն իր ապրումներն արտահայտում է գործողության և ոչ թե բառերի օգնությամբ:
Ամփոփելով անցած տարին` Ց. Մլքե-Գալստյանն այն հաջող անվանեց: «Միհր» թատրոնը մասնակցել է Հայաստանում Հայ ֆեստ, Երիտասարդ ռեժիսորների, Մնջախաղի միջազգային թատերական փառատոներին, ինչպես նաև Մոսկվայում Ուսանողական դիմակ երիտասարդական թատերական փառատոնին և արժանացել մի շարք մրցանակների:
Այնուամենայնիվ Ց. Մլքե-Գալստյանն ընդգծեց, որ թատրոնով զբաղվողի համար գնահատականը մրցանակները չեն, այլ` հանդիսատեսի զարմացած ու հիացած աչքերն ու չդադարող ծափահարությունները:
«Խոսել մրցանակի մասին նշանակում է, որ դու փոքր հոգի ես, իսկ մրցանակից առավել կարևոր է թատրոնն ու հանդիսատեսի հետ երկխոսությունը»,- նշեց նա, չնայած փառատոների մասնակցությունը դրական գնահատեց, ինչը, ըստ Ց. Մլքե-Գալստյանի, թատրոնով զբաղվողներին հնարավորություն է տալիս ոչ միայն դիտել արտասահմանյան թատերական խմբերի աշխատանքները, հաղորդակցվել օտար մշակույթի հետ, այլև արտերկիր մեկնելու հրավերներ ստանալ:
Անցած տարվա ամենագլխավոր ձեռքբերումը թատրոնի գեղարվեստական ղեկավարը համարում է «Սասնա ծռեր» էպոսի առաջին ճյուղի` «Սանասար և Բաղդասար»-ի բեմադրումը: Այս տարի թատրոնն իր աշխատանքները սկսում է` հենց այս ներկայացումը խաղալով, որը կարող եք դիտել Թատերական գործիչների միության դահլիճում փետրվարի 11-ին, 17-ին և 25-ին:
«Միհր» պլաստիկ-պարային թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքերով` այս տարին ևս հագեցած է լինելու: Թատրոնը Հայաստանում մասնակցելու է երկու փառատոնի, և ևս երկու փառատոնի մասնակցության հրավեր ունի Մոսկվայից ու Ռիգայից: Ց. Մլքե-Գալստյանը նախատեսում է այս տարի ավարտել «Կոմիտաս», «Երազներ և Դալի» ու «Տաս պիես մահվան մասին» ներկայացումների բեմադրությունը: