11/02/2009 10:35
Հիվանդների համաշխարհային օրն է
Փետրվարի 11-ը հիվանդների համաշխարային օր հայտարարելու նախաձեռնությունը կարծես հասարակության կողմից մի քայլ լինի, որն ուղղված է` այդ վիճակում հայտնված մարդկանց աջակցություն ցուցաբերելուն:
Պատմագրության համաձայն, Հիվանդների համաշխարհային օրը սահմանվել է Հովհաննես Պողոս II Հռոմի պապի կողմից 1992 թ-ին: Այս առիթով գրված իր հատուկ ուղերձում նա ընդգծել է, որ Հիվանդների համաշխարհային օրվա նշումն ունի «առանձնահատուկ նպատակ», որը Հռոմի պապը ձևակերպել է այսպես. «Հիվանդներին և տկարներին ցուցաբերվող լավագույն խնամքի ու նրանց տանջանքների թեթևացման անհրաժեշտության մասին հասկանալու հնարավորություն տալ բազմաթիվ կաթոլիկ բժշկական կազմակերպությունների աշխատակիցներին և ողջ քաղաքացիական հասարակությանը»:
Հիվանդների օրը` փետրվարի 11-ին նշելու ընտրությունն ևս կատարվել է ոչ պատահական. կաթոլիկները հնուց փետրվարի 11-ը նշում են` որպես հիվանդների օր: Ավանդույթի համաձայն, հենց այս օրը` շատ տարիներ առաջ, ֆրանսիական Լուդր կոչվող տեղամասում Տիրամոր հայտնություն է եղել: Սուրբ Աստվածածինը առողջացրել է տանջվողներին` այդպիսով դառնալով հիվանդներին փրկողի խորհրդանիշ:
Aysor-ի այն հարցին` թե Հայաստանում ինչպե՞ս է տոնվում և ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում օրվա առիթով, ՀՀ Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ռուսլանա Գևորգյանն ասաց, որ տեղյակ չեն այդ օրվա խորհրդի մասին, հետևաբար ոչինչ էլ չեն նախաձեռնել:
Մնում է հուսալ, որ Հայաստանում հիվանդներին մշտապես լավագույն խնամք և օժանդակություն է հատկացվում, ինչի շնորհիվ էլ նրանց համար հատուկ օր անհրաժեշտ չէ: