11/02/2009 14:38
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Օբամայի ծրագրին
Ամերիկյան Սենատը հայտարարել է, որ հավանություն է տալիս նախագահ Օբամայի հակաճգնաժամային ծրագրին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարը Սենատում ներկայացրել է նախագահի ծրագրի երկրորդ մասը:
Ֆրանսիական Լը Ֆիգարո-ն (lefigaro.fr) տեղեկացնում է, որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 61-ն ընդդեմ 37-ի: Ընդ որում կողմնակիցների թվում կան նաև սակավաթիվ հանրապետականներ:
ԱՄՆ նախագահի ֆինանսական հակաճգնաժամային ծրագիրը կարժենա մոտ 838 միլիարդ դոլար` չնայած, որ նախկինում այն գնահատվում էր 780 միլիարդ:
Չնայած Սենատում հավանության արժանանալուն, հակաճգնաժամային այս ծրագիրը դեռ ընդունված չի կարելի համարել: Բավականին ծանր բանակցություններ են սպասվում Ներկայացուցիչների պալատի հետ, որը հավանություն էր տվել մեկ այլ ծրագրի` 819 միլիարդ դոլար արժողությամբ:
Այսպիսով, նախքան Բարաք Օբամայի կողմից ծրագրի վավերացումը, երկու պալատները պետք է համաձայնության գան:
Հիշեցնենք, որ նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման բազմիցս կոչ է արել` սեղմ ժամկետներում հավանություն տալ իր հակաճգնաժամային ծրագրին: Նա հավաստել է, որ հակառակ դեպքում «ճգնաժամը կվերածվի աղետի»: