12/02/2009 13:17
Ոտքի կանգնեցին, բայց դատը կրկին հետաձգվեց
Այսօր տեղի է ունեցել «7-ի գործով» դատական նիստը, որը տևել է 30 րոպե: Այս անգամ ամբաստանյալները ոտնկայս են դիմավորել դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Հիշեցնենք, որ «7-ի գործով» մեղադրյալներ են` Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարույթունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը և ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանն ու Մյասնիկ Մալխասյանը:
Երբ դատավորը Մնացական Մարտիրոսյանը ամբաստանյալներին հրահանգել է նստել, մեղադրյալներից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվել է`հայտարարելով, որ հայաստանյան օրենսդրության մեջ չկա այդպիսի նորմ, որով ամբաստանյալին պարտադրվում է նստել:
Նշենք, որ մինչ այդ դատական նիստը բազմիցս հետաձգվել է` դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Ամբաստանյալները հրաժարվում էին ոտքի կանգնել, երբ դատավորը մտնում էր դատարանի դահլիճ:
Երբ ամբաստանյալներին հայտարարությունների հնարավորություն է տրվել, Ալեքսանդր Արզումանյանը ասել է, թե իրենք (ամբաստանյալները) կողմ են, որ դատավարությունը շարունակվի նորմալ ընթացքով:
Սակայն այս անգամ տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը վիրավորական խոսքեր է ուղղել դատավորի հասցեին, ինչից հետո դատավորը որոշում է կայացրել «խսիտ անհարգալից վերաբերմունքի համար» ընդհատել դատական նիստը և նշանակել դատավարության նոր օր` փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին: