12/02/2009 12:36
Հայ-թուրքմենական տնտեսական հանձնաժողովի նիստը մեկնարկել է
Աշխաբադում նախօրեին իր աշխատանքն է սկսել հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված են երկու պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտի, առողջապահության, կրթության, օդային հաղորդակցության, մշակույթի, հումանիտար և այլ բնագավառներն ընդգրկող հարցեր:
Հայաստանը հանձնաժողովի առաջին նիստին մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ, որը գլխավորում է ՀՀ Էներգետիկայի նախարար, հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը:
Թուրքմենական կողմի համանախագահն է Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարլիևը:
Մինչև նիստի սկսվելը, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Մովսիսյանին ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, նշվել է երկու պետությունների հարաբերութունների հետագա զարգացման կարևորությունն ու համագործակցության առկա զգալի ներուժը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը:
Հայ-թուրքմենական միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի օրակարգում նախատեսված է նաև Ա. Մովսիսյանի և ՀՀ պատվիրակության տարբեր ոլորտներ ներկայացնող անդամների հանդիպումը Թուրքմենստանի փոխվարչապետներ Խ. Սապարլիևի, Տ. Տագիևի, Մ. Յազմուհամեդովայի, Թուրքմենստանի Էներգետիկայի նախարար Յա. Օրազգուլիևի, ինչպես նաև Թուրքմենստանի Կենտրոնական բանկի և Թուրքմենստանի պետական ավիաընկերության ղեկավարության հետ: