16/02/2009 11:47
Ռաուլը կդառնա «Ռեալի» փոխնախագահ
Մադրիդի «Ռեալի» նախագահի թեկնածու Ֆլորենտինո Պերեսը մտադիր է թիմի ավագ Ռաուլին առաջարկել ակումբի փոխնախագահի պաշտոնը: Հաղորդվում է, որ Պերեսը որոշել է նախընտրական արշավի ընթացքում հենվել փորձառու խաղացողների վրա:
Մասնավորապես` հարձակվող Ռաուլին հիշյալ թեկնածուն մտադիր է փոխնախագահ դարձնել այն բանից հետո, երբ նա կթողնի ֆուտբոլիստի կարիերան: Պերեսը ցանկանում է ակումբի համակարգում տեղ գտնել նաև Զինեդին Զիդանի համար: Այս մասին տեղեկացնում է “El Mundo Deportivo”-ն:
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսն արդեն զբաղեցրել է մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնը: Հենց նրա ղեկավարության օրոք «Ռեալն» անվանվեց «տիեզերական թիմ»:
Պերեսը որոշեց իր թիմում հավաքել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին: Նրա քաղաքականության արդյունքում «Ռեալում» հայտնվեցին Ֆիգուն, Զիդանը, Ռոնալդոն, Բեքհեմը և Օուենը: