18/02/2009 10:10
Միայնակ լինելը վնասակար է առողջությանը
Մշտապես միայնակ լինելը նույնքան է վնասում առողջությանը, որքան ծխելը և ճարպակալումը: Ըստ Ինաուկա.ռու-ի (inauka.ru), ահա այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները, որոնք այս կապակցությամբ ելույթով են հանդես եկել Գիտության առաջընթացի ասոցիացիայի (AAAS) ամենամյա գիտաժողովին:
Համաձայն հոգեբան Ջոն Կաչիոպպոյի` հարազատներից և մտերիմներից մշտապես հեռու լինելը բարձրացնում է արյան ճնշումը և թուլացնում իմունային համակարգը: Բացի այդ, միայնակ մարդիկ ավելի հաճախ են տառապում անքնությունից և նրանց մոտ բարձր է մանկամտությամբ հիվանդանալու ռիսկայնությունը:
Ինչպես նշել է հոգեբանը, կորտիզոլ հորմոնի ավելցուկը, որը նկատվում է մենակյաց ապրելակերպ վարողների մոտ, կարող է հանգեցնել սրտի հարվածի և նույնիսկ էպիլեպսիայի: Կաչիոպպոն նաև պնդում է, որ միայնակ մարդկանց մոտ վաղաժամ մահվան հավանականությունն երկու անգամ ավելի մեծ է, քան սոցիալապես ակտիվ մարդկանց մոտ:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ միայնակ և մշտապես շփման մեջ գտնվող մարդկանց միջև տարբերությունը կարելի է համեմատել ծխողների և չծխողների, գիրությամբ տառապողների և ֆիզիկական պատրաստվածություն ունեցողների հետ:
«Մենք ապրում ենք անտանելի մեկուսացման մեջ: Մասամբ այն պատճառով, որ ուշ ենք ամուսնանում, քիչ երեխաներ ենք ունենում և, որպես հետևանք, ավելի քիչ մտերիմներ ենք ունենում: Այս պարագայում միայնակության մակարդակն աճում է», - ցավով եզրակացրել է հոգեբանը: