21/02/2009 14:11
Արոնյանը հաղթեց Անանդին, իսկ այսօր կմրցակցի Ռաջաբովի հետ
Լինարեսում ընթացող շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով մրցակցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Դրամատիկ իրադարձություններով լեցուն այս պարտիան դեռ երկար կմնա շախմատային մասնագետների ուշադրության կենտրոնում:
Աշխարհի չեմպիոնը մեկնարկում առավելություն ուներ, և շատերը կարծում էին, թե Լևոն Արոնյանը չի կարողանա խուսափել պարտությունից, նույնիսկ ոչ-ոքին նրա համար կարող էր գերազանց ցուցանիշ լինել: Այս տպավորությունը տևեց մինչև 33-րդ քայլը, երբ իրավիճակը կտրուկ փոխվեց:
Այժմ խոսքը տանք ռուս գրոմայստեր Սերգեյ Զագրեբելնուն, որը chesspro.ru կայքում օնլայն ռեժիմով մեկնաբանում էր խաղի ընթացքը: «Մինչև որոշակի մի պահ Անանդը շատ ուժեղ էր խաղում: Թվում էր` այդպես էլ պարտիան կընթանա մինչև վերջ: Ախ, ոչ: Ընդամենը մեկ սխալ, և ողբերգություն: Ինչ վերաբերվում էԱրոնյանին, ապա նա հերթական անգամ ցուցադրեց շախմատիստի իր հիանալի որակները: Ինչ-որ մեկը նրան բախտավոր կհամարի, բայց, թույլ տվեք, իր երջանկության ու բախտի համար Լևոնը միայն սեփական ձեռքերին է պարտական: Ինչ-որ մի պապիկ չէ նրա փոխարեն առաջ մղում խաղաքարերը: Իսկ այն, որ մրցակիցները չեն կարողանում վճռորոշ շարունակություն գտնել, ապա այդ մասին պետք է հենց նրանց հարցնել, այլ ոչ թե Լևոնին»,- գրել է նա:
Գրիշչուկ-Վան Յուե պարտիան նույնպես արդյունավետ ելք ունեցավ: Գրիշչուկն առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ և Լևոն Արոնյանի հետ միասին այժմ 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կառլսեն-Դոմինգես, Ռաջաբով-Իվանչուկ հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Կառլսենը, Դոմինգեսը, Ռաջաբովն ու Իվանչուկն իրենց ակտիվում 1 միավոր ունեն: 0,5 միավորով աղյուսակը եզրափակում են Ռաջաբովն ու Վան Յուեն:
Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանն այս անգամ կմրցակցի Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս երկու շախմատիստները վերջերս տարբեր մրցաշարերում շատ են մրցակցել, և սովորաբար պարտիաներն ավարտվում են խաղաղ արդյունքով:
Երկուսն էլ, ինչպես երևում է, չեն սիրում ռիսկի դիմել` նկատի ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական ներկա վիճակը և երկրպագուների վերաբերմունքը: Թվում է` այս անգամ նույնպես ոչ-ոքիների շարքը հերթական համալրումը կստանա: