23/02/2009 15:25
Ռաջաբովը հազիվ էր շարժում ոտքերը
Լինարեսում ընթացող շախմատային գերմրցաշարում կայացել են երրորդ և չորրորդ տուրերի պարտիաները: Շախմատային մասնագետների ուշադրությունը, բնականաբար, բևեռված է Լևոն Արոնյանի խաղի վրա, քանի որ նա երկրորդ տուրում գեղեցիկ ոճով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին՝ ապացուցելով, որ շախմատային խաղում անհրաժեշտ է ոչ միայն լավ իմանալ տեսությունը, այլև ուժեղ լինել նյարդերի պայքարում: Այս բաղադրիչով հայ գրոսմայստերն անկրկնելի էր. Հայտնվելով ոչ նպաստավոր իրավիճակում՝ նա գործադրում էր բոլոր ջանքերը՝ արդյունքի համար և որսաց 33-րդ քայլում Անանդի՝ լարվածության արդյունքում թույլ տված սխալը:
Վերադառնալով երրորդ տուրի՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիային՝ ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ այս երկու շախմատիստների մրցամարտերը վերջին շրջանում միշտ էլ «խաղաղ» մթնոլորտում են անցնում: Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն կանխատեսել էինք, որ Արոնյանի ու Ռաջաբովի պարտիայում ոչ-ոքի արդյունքն ապահովված է, և, ինչպես պարզվում է, չէինք սխալվել: Ռաջաբովի ձգտումը՝ ցուցադրելու ստեղծագործական խաղ, իհարկե, գովելի է: Ճիշտ է՝ նման խաղը, որպես կանոն, իր մեջ նաև ռիսկի տարր է պարունակում: Շատերն աշխատում են ավելորդ ռիսկի չդիմել: Բայց նաև պետք է հասկանալ, որ եթե ռիսկ չկա, սեղանին կարող է շամպայն չհայտնվել: Իսկ այս պարտիայից հետո Թեյմուրի համար հաստատ շամպայն չէր բացվի. ականատեսների վկայությամբ՝ նա հազիվ էր շարժում ոտքերը:
Իսկ ահա չորրորդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց կուբացի Լենյեր Դոմինգեսին: Ալեքսանդր Գրիշչուկը, իր հերթին, հաղթեց հոգեբանական խնդիրների տակ հայտնված Թեյմուր Ռաջաբովին, և այժմ Արոնյանն ու Գրիշչուկը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանցից հետ չի ուզում մնալ նաև Անանդը, որը հերթական տուրում առավելության հասավ չինացի Վան Յուեին և այժմ իր ակտիվում 2,5 միավոր ունի: Մագնուս Կառլսենն ու Վասիլի Իվանչուկը խաղաղ դաշն կնքեցին: Լինարեսում այս երկու շախմատիստները խաղաղաբար են տրամադրված, և նրանց հաշվին առայժմ միայն ոչ-ոքիներ են: