25/02/2009 16:44
Մրցակցությունը պարտավորեցնում է
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության ելակետային իրավիճակը գնակատեց բավարար, սակայն նշեց, որ թեև ՀՀ-ում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն համարվում է ճանապարհային հսկա ընկերություն, այնուհանդերձ, հաշվի առնելով այն մեծ մրցակցությունը, որ կա, այն հայտնվել է ոչ այնքան նպաստավոր պայմաններում:
Շեկեթ Ն. Շայդուլինը նշեց, որ ՀՀ-ում բեռնափոխադրման միջոցների 100 տոկոսից 29-ն է կազմում երկաթուղայինը,ավելի քան 54 տոկոսը`ավտոճանապարհայինը: Բանախոսի կարծիքով, հատկապես նկատի ունենալով մրցակցային պայմանները, մեր երկաթուղային տրանսպորտը` թե’ բեռնափոխադրման և թե’ մարդատար, մի քանի պարամետրերով զիջում է:
Շ. Շայդուլինը կարևորեց ոչ միայն փոխադրման անհրաժեշտ պայմանները, այլև ուղևորների անվտանգ փոխադրումը, ինչի համար ձեռնարկվում են բոլոր նախազգուշական միջոցները:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ասաց, որ ընկերությունը հատկապես խնդիր ունի «երկաթուղային ֆոնդի» հետ, որը մոտ 40 տարվա հնություն ունի, այն չի համապատասխանում այսօրվա չափանիշներին, քանի որ մաշված է բարոյապես և տեխնիկապես, և հատկապես, շատ ծախսատար է:
Շ. Շայդուլինը նշեց նաև, որ առկա է նաև մասնագետների խնդիրը, թեև հիմա վերապատրաստման փուլում են գտնվում մոտ 200 մասնագետներ, և նա հույս հայտնեց, որ շուտով կունենան պատրաստված կադրային ռեսուրս:
Շ. Շայդուլինը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն բարեգործական ընկերություն չէ, այն բաժնետիրական ընկերություն է, և մարտի 20-ին կայանալու է տնօրենների ժողով և քննարկվելու է ընկերության բյուջեն:
«Եթե 2008 թվականի բյուջեն դիտարկենք ներդրումների տեսանկյունից, ապա այն կազմել է 2 մլրդ 340 մլն ռուբլի, իսկ միջոցների յուրացման տեսանկյունից` մոտ 1 մլրդ ռուբլի: Այս տարի ներդրման համար պլանավորվում է` 2 մլդ 870 մլն, իսկ միջոցների յուրացման` 1 մլրդ 300 մլն»,- ասաց Շ .Շայդուլինը:
Բյուջեի վերանայումը, տեխնիկական վերազինումը, նախազգուշական միջոցների իրականացումը, ըստ Շ .Շայդուլինի, հատկապես արվում է, որ փողադրում իրականացնողը և այն ստացողը գոհ լինեն: