26/02/2009 14:10
«7-ի գործով» դատական նիստը շարունակվեց
Այսօր ժամը 12-ին մեկնարկեց «7-ի գործով» դատական նիստը: Ամբաստանյալներն, ինչպես և նախորդ դատական նիստին, կանգնած էին, երբ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներս մտավ դատական նիստերի դահլիճ:
Չնայած նրան, որ ամբաստանյալներն այդպես էլ չնստեցին, նախագահող դատավորը շարունակեց դատական նիստը և առաջարկեց քննարկել փաստաբան Հովիկ Արսենյանի կողմից ներկայացրած` դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավոր Մ. Մարտիրոսյանն առաջարկեց դատավարության մասնակիցներին ներկայացնել իրենց դիրքորոշումն այդ միջնորդության վերաբերյալ:
Մեղադրող կողմը նշեց, որ համամիտ չէ այդ միջնորդության հետ, քանի որ այն «անհիմն է և ենթակա է մերժման»:
Ամբաստանյալ Ալեքսանդր Արզումանյանն իր խոսքում նշեց, որ իրենց համար «նշանակություն չունի, թե ով կքննի այդ գործը, քանի որ այն պատվեր է և ամեն դեպքում պետք է կատարվի»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Շանթ Հարությունյանը` մեղադրելով Հայաստանի մտավորականությանը` ի դեմս Ալվարդ Պետրոսյանի, Վահրամ Սահակյանի և այլոց, որ վերջիններս ստանձնել են դատախազի դերակատարություն:
Այնուհետև դատավորն ընդմիջեց դատը 30 րոպեով և հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու համար:
Դատավոր Մ. Մարտիրոսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո խոստացավ ընդմիջումից հետո ներգրավել տուժողի իրավահաջորդներին:
Դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Մելանյա Առուստամյանը: