26/02/2009 12:28
Առաջատարների մրցավեճում Արոնյանը զիջեց
Լինարեսյան շախմատային գերմրցաշարի 6-րդ տուրում մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկու առաջատարների` Գրիշչուկի և Արոնյանի մրցակցությունը: Ռուս գրոսմայստերը կարողացավ առավելության հասնել մեր շախմատիստի նկատմամբ և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գրիշչուկն այս պարտիայում խաղում էր սպիտակներով և առաջին 22 քայլերի համար մեկ ժամից ավելի կորցրեց, իսկ եթե ավելի հստակ ներկայացնենք իրավիճակը, ապա նրան մնացել էր ընդամենը 48 րոպե:
Այսքան երկար մտածելուց հետո ռուս շախմատիստն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը: Հայ գրոսմայստերը կես ժամ ավելի ժամանակ ուներ, սակայն, որքան էլ զարմանալի է, հենց նա կատարեց վճռորոշ սխալ 38-րդ քայլում: Շուտով սպիտակները վերցրեցին սևերի զինվորը, իսկ այնուհետև Արոնյանն ստիպված էր հաշտվել նաև որակի կորստի հետ: Մնում էր, որ Գրիշչուկը` այս մրցաշարում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը, վրիպումներ թույլ չտա: Իսկ նա հիմա գերազանց մարզավիճակում է: 50-րդ քայլին Գրիշչուկը ևս մեկ զինվոր վերցրեց: Արոնյանը դիմացավ ևս 9 քայլ` սպասելով, որ Գրիշչուկը կսխալվի, սակայն նման բան տեղի չունեցավ:
Գրիշչուկի հետ պարտիայում Լևոն Արոնյանը հետաքրքիր նորույթ կիրառեց և ժամանակի մեծ պաշար ուներ, սակայն չափից ավելի լավատեսորեն գնահատեց ստեղծված իրավիճակը: 21-րդ և 25-րդ քայլերին նրա որոշումները մասնագետների կողմից խիստ կասկածելի են գնահատվում: Հենց այդ քայլերից հետո Գրիշչուկը տիրեց նախաձեռնությանը: Եվ չնայած որոշ դեպքերում Գրիշչուկը բաց թողեց իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակները, այնուամենայնիվ, կարողացավ աստիճանաբար իրացնել իր առավելությունը:
Մագնուս Կառլսենը և Վիշվանաթան Անանդն այդ օրը խաղատախտակի առջև բոլորից երկար դիմացան: Պատանի նորվեգացուն հաջողվեց որակ ստանալ: Եվ միայն 77-րդ քայլին շախմատային արքան ընդունեց իր պարտության փաստը: Լենյեր Դոմինգեսը ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Նույնպիսի արդյունք արձանագրվեց նաև Վան Յուե-Թեյմուր Ռաջաբով պարտիայում:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը, ինչպես արդեն նշեցինք վերևում, 4,5 միավորով գլխավորում է Գրիշչուկը: Արոնյանն ու Կառլսենը 3,5-ական միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները: Անանդն ու Իվանչուկն իրենց ակտիվում 3-ական միավոր ունեն, Դոմինգեսը` 2,5: Հետնապահները` Վան Յուեն ու Ռաջաբովն առայժմ ստիպված են բավարարվել 2-ական միավորով:
Առաջին շրջանի վերջին տուրում այսօր կկայանան հետևյալ պարտիաները` Անանդ-Գրիշչուկ, Արոնյան-Իվանչուկ, Ռաջաբով-Կառլսեն, Դոմինգես-Վան Յուե: