27/02/2009 14:25
Թուրք-հայկական հնարավոր հայտը կարող է հաջողություն ունենալ
Շվեդիայի ու Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտարարել են, որ պայքարի մեջ կմտնեն մյուս թեկնածուների հետ` «Եվրո-2016»-ը հյուրընկալելու իրավունքի համար: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը: «Մենք լավ ենք համագործակցում և անցյալում համատեղ առաջնություններ ենք կազմակերպել»,- ասել է Շվեդիայի ֆեդերացիայի նախագահ Լարս Էյլ Լագրելը:
Թեկնածու քաղաքները և մարզադաշտերի անունները, որտեղ հնարավոր կլինի անցկացնել Եվրոպայի առաջնությունը, կանվանվեն ավելի ուշ: Առավել ևս, որ այս պահի դրությամբ դեռ վերջնականապես որոշված չէ` արդյոք 16, թե՞ 24 թիմ պետք է մասնակցի Հին աշխարհամասի ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը: Հիշեցնենք, որ Շվեդիայում է տեղի ունեցել 1992 թ. Եվրոպայի առաջնությունը, երբ եզրափակչին մասնակցում էր ութ թիմ, և անհրաժեշտ էր ընդամենը 4 մարզադաշտ: Իսկ 2009 թ. հունիսին այդ երկրում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:
Ավելի վաղ մենք տեղեկացրել ենք, որ «Եվրո-2016»-ի կազմակերպման իրավունքի համար հայտ են ներկայացրել նաև Ֆրանսիան, Թուրքիան, Հունաստանը, Հունգարիան և Ռումինիան, Ռուսաստանը և Իտալիան: ՈՒԵՖԱ-ն իր վերջնական ընտրությունը կկատարի 2010 թ. մայիսին: Բայց արդեն հիմա կարելի է ենթադրել, որ նախապատվությունը կտրվի Ֆրանսիային: Թուրքիայի հայտը կարող է հաջողություն ունենալ, եթե համատեղ լինի, ենթադրենք` Հայաստանի հետ: Այս դեպքում ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաները կարող են չդիմանալ գայթակղությանը և կփորձեն նպաստել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակմանը և սահմանների վերաբացմանը:
Կարծում ենք` շփումների ներկայիս մակարդակը Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիաներին կարող է թույլատրել` քննարկելու Եվրոպայի առաջնության համատեղ կազմակերպման հնարավորությունը: Առավել ևս, որ խոսք կարող է լինել միայն 2020 թ. առաջնության մասին, իսկ ժամանակը մեր երկրի համար բավարար է` գոնե երևանյան մարզադաշտերն ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և ենթակառուցվածքները զարգացնելու համար: Կարծում ենք` արժե մտածել…