02/03/2009 11:55
Արոնյանի ճարպիկ մանևրը հանգեցրեց ոչ-ոքիի
Լինարեսյան գերմրցաշարում երեկ երեկոյան անցկացվեցին 9-րդ տուրի պարտիաները: Հաղթանակ տոնած միակ շախմատիստը Մագնուս Կառլսենն է, որը լարված ու դրամատիկ պայքարում կարողացավ առավելության հասնել կուբացի Լենյեր Դոմինգեսի նկատմամբ: «Փոքրիկ» Կառլսենը, որն ընդամենը 18 տարեկան է, առայժմ պարտություն չի կրել: Ընդ որում` նա նախորդ պարտիաներում ընդամենը մեկ հաղթանակ էր տոնել, սակայն այն շատ տպավորիչ էր, քանի որ ձեռք էր բերվել աշխարհի չեմպիոնի` Վիշվանաթան Անանդի նկատմամբ:
Մագնուսը 9-րդ պարտիայում ագրեսիվ էր տրամադրված և հենց խաղասկզբից չտեսնված ակտիվություն դրսևորեց: 30-րդ քայլին Դոմինգեսը լուրջ սխալ թույլ տվեց և արդյունքում ստիպված էր անցնել ծանր պաշտպանության: Ավելին` շուտով ևս մեկ զինվոր կորցրեց, ստիպված էր անցնել ցայտնոտի միջով, սակայն, միևնույն է, չփրկվեց:
Մյուս բոլոր` Իվանչուկ-Ռաջաբով, Արոնյան-Անանդ, Վան Յուե-Գրիշչուկ պարտիաները խաղաղ ելք ունեցան: Բնական է` մեր հետաքրքրության կենտրոնում է աշխարհի չեմպիոնի հետ հայ գրոսմայստերի խաղը: Անանդը հիանալի հիշում էր, որ Արոնյանի հետ առաջին շրջանի պարտիայում դաժանորեն ջախջախվել է, իսկ այն դիրքը, երբ նկատվեց սև զինվորների արագ առաջընթացը, ընդհակառակը, փորձել էր շուտ մոռանալ: Կարելի է միայն ենթադրել, թե ռևանշի հասնելու ինչպիսի մեծ մոտիվացիա ուներ Անանդը, առավել ևս, որ, ընդհանրապես, մրցաշարում էլ շատ անհաջող է հանդես գալիս, ինչը պարզապես անթույլատրելի է աշխարհի չեմպիոնի համար: Այն բանից հետո, երբ Արոնյանը ճարպիկ մանևրով նավակների փոխանակություն կատարեց, Անանդն ստիպված էր ընդունել, որ ռևանշը չի կայանա: 30-րդ քայլին մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:
9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Գրիշչուկը: 5-ական միավորով 2-4-րդ հորիզոնականներն են կիսում Արոնյանը, Կառլսենը և Իվանչուկը: Անանդը 4,5 միավորով հանգրվանել է 5-րդ տեղում: 3,5-ական միավորով նրան հաջորդում են ակնհայտ հետնապահները` Դոմինգեսը, Ռաջաբովը և Վան Յուեն:
Այսօր երեկոյան 10-րդ տուրի շրջանակներում կկայանան հետևյալ պարտիաները` Ռաջաբով-Արոնյան, Անանդ-Դոմինգես, Կառլսեն-Վան Յուե, Գրիշչուկ-Իվանչուկ: