02/03/2009 19:01
Իտալիան նույնպես հավակնում է անցկացնել «Եվրո-2016»-ը
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբետեն հայտարարել է, որ պատրաստվում է հայտ ներկայացնել ՈՒԵՖԱ` Եվրոպայի 2016 թ. առաջնության կազմակերպման իրավունքը ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»: «Իհարկե, Իտալիան հետաքրքրված է միջազգային նման խոշոր մրցաշարի անցկացման հնարավորությամբ: Մենք ձգտում ենք լուծել բոլոր խնդիրները, որպեսզի հաջողության հասնելու հույս ունենանք: Ամեն դեպքում` մինչև մարտի 9-ը ժամանակ ունենք, որպեսզի որոշում կայացնենք»,- Աբետեի խոսքերը մեջբերել է «Reuters» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իտալիան պայքարում էր «Եվրո-2012»-ի կազմակերպման իրավունքի համար, սակայն զիջեց Ուկրաինային ու Լեհաստանին մարզասերների անկարգությունների պատճառով: