04/03/2009 14:29
Բոլորն ուզում են բռնել «դոլար»-ին
«Վարչապետը, Էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը պետք է անհապաղ հրաժարական տան, քանի որ գիշերով մտել են բոլորիս գրպանը, մատնել պետության պահուստները, առանց ժողովրդին նախապես տեղեկացնելու` միանգամից բարձրացրել են փոխարժեքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմ» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Դրամի արժեզրկումը նա համեմատում է բազմաբնակարան շենքում բռնկված հրեդի հետ, երբ վերջին հարկում բնակվողը չի տեղեկացվում հրդեհի մասին, և ստիպված իրեն նետում է պատշգամբից:
«Երեկ արյունոտ երեքշաբթի էր, իսկ երկրում բացարձակ անիշխանություն էր: Երկրի տնտեսական վիճակի համար գլխավոր երկու պատասխանատուները` նախագահն ու վարչապետը, ոչ մի խոսք չասացին փոխարժեքի մասին», - ասում է Ա. Թևանյանը:
Այսօր արդեն Երևանի շատ խանութներում թանկացել է հատկապես կարագը, շաքարավազն ու բուսական յուղը: 80-ամյա թոշակառու մի կին ասաց. «Իբր մեր մասին են մտածում, որ դոլարով թոշակն ավելի բարձր ա գալիս, բայց մեզ էդ ի՞նչ, մենք հո դոլարով չենք առևտուր անում: Հիմա պիտի կրակ ու թանկ ուտելիք առնենք 25 հազար դրամ թոշակով»:
Ընդամենը մի քանի օր առաջ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ձեռքբերում էր համարում 305 դրամ փոխարժեքը, և մեկ օրում 30 մլն դրամի վաճառքը Ա. Թևանյանը համարում է որոշ մարդկանց անձնական գրպանները լցնելու առիթ:
Տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողներից մեկն ասաց, որ երկուշաբթի օրն իր կուտակած գումարը վերածել է դոլարի և արդյունքում շահել 1.5 մլն դրամ: Դժվար թե Ա. Թևանյանը նրան նկատի ուներ, ամեն դեպքում դրամ-դոլար փոխարժեքից օգտվողներ եղել են, բայց սա փրկություն չէ ֆինանսատնտեսական ճգնաժամի և տնրանսֆերտների նվազման պարագայում:
«Դատախազությունը պետք է պարզի, թե վերջին 5 օրերի ընթացքում ովքե՞ր են եղել դոլար գնողները, և կապիտալի ի՞նչ արտահոսք է եղել Հայաստանից», - պնդում է Ա. Թևանյանը և առաջարկում ինֆլյացիոն ռիսկերից խուսափելու համար փոփոխություն կատարել հարկաբյուջետային քաղաքականության մեջ, կրճատել բյուջեի ծախսերը, այսինքն` թեթևացնել հարկային բեռը, վերացնել ՀԴՄ-ները և անցնել հաստատագրված վճարների:
Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը 10-20 տոկոսով է անդրադարձել Հայաստանի վրա: Այս մասին հայտարարում էին տնտեսագետներն ու պետական այրերը: Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ այս ծանր իրադրությունը մեր երկրում»
Ա. Թևանյանն ունի իր դիքորոշումը. «Ճգնաժամի հիմքերը մեր երկրում դեռևս 2007թ.-ին են դրվել, երբ ծանրացավ հարկային բեռը, փոքր ու միջին ձեռնարկատերը` աշխատելով հարկային բարեփեխումների ծանր բեռի տակ, 2008 թվական մտավ ջարդուփշուր եղած: Այժմ արդեն կառավարությունը կարող է հայտարարել, թե դոլարի փոխարժեքը բարձրացել է տրնասֆերտների նվազումից, բայց իմ կարծիքով դա էական կապ չունի, ճգնաժամն ու այս դրությունը մեր ներսից են առաջացել»:
Լողացող փոխարժեքի անցնելու ԿԲ-ի որոշումը տնտեսագետը վիճարկում է, քանի որ չի հիշում, թե երբևէ ԿԲ-ն որոշում կայացրած լինի ֆիքսված փոխարժեքի անցնելու մասին:
«Դեռևս անցած տարի մենք առաջարկեցինք կամաց-կամաց բարձրացնել դոլարի փոխարժեքը, որպեսզի ունենանք կառավարելի լողացող փոխարժեք, իսկ այսօր ունենք անկառավարելի լողացող փոխարժեք, քանի որ նման պարագայում անհնար է կանխատեսում անել, թե ի՞նչ կլինի մեկ ժամ հետո», - արձանագրեց Ա. Թևանյանը:
Այսօր արդեն «հացի փող», «վճարված ա, կիջնես» ամենաշատ գործածվող արտահայտությունների կողքին իր դիրքերն է ամրապնդում «տեսա՞ք դոլարն ինչ արեց» արտահայտությունը, երբ այն դեռ 24-ժամյա կյանք էլ չունի: