05/03/2009 17:23
Արաբներին ցույց տրվեց, որ մեր միտքը փող արժե
ՀՀ էկոնոմիկային նախարար Ներսես Երիցյանը և Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբան Ալ-Կասիմին այցելեցին Նոր Հաճնի ադամանդի արտադրական ձեռնարկություններ: Նոր Հաճնում տիկին Շեյխա Լուբնա Ալ-Կասիմիին ներկայցվեց Հայաստանում ականագործության և ոսկեգործության ոլորտի ներկա իրավիճակը, կիրառվող տեխնոլոգիաները, զարգացման հնարավոր ուղղությունները` ներդրումների և արտահանումների առումով:
«Այս այցի նպատակն է, որպեսզի Արաբական էմիրությունների մեր գործընկերների հետ կնքենք երկարատև պայմանագրեր` ներդրումների առումով: Այսօրվա հանդիպման համար ընտրվել է խորագիր «Կառուցենք կամուրջներ մեր երկու երկրների միջև»»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ըւտ Երիցյանի, հայկական կողմը այցի շրջանակներում էմիրությունների ներկայացուցիչներին ցույց տվեց, որ «սա բարձր հասարակություն է և կարող է նոր գաղափարներ ստեղծել, քանի որ այստեղ կան չբացահայտված հնարավորություններ»:
Նախարարի տեղեկացմամբ` հիմնականում ներկայացվել են խոշոր ծրագրեր` գիտության, տեխնոլոգիաների, ինժեներական հատվածի վերաբերյալ:
«Մենք նշեցինք, որ ինժեներական միտք այստեղ կա և այն փող արժե, իսկ արաբները ագրեսիվ ներդրողներ են և հույս ունեմ համոզեցինք նրանց»,-ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: