07/03/2009 10:29
30-ամյա հայը ԱՄՆ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Հայաստանի 30-ամյա քաղաքացին երեկ Նյու-Յորքում դատապարտվել է 22 տարի ազատազրկման` ԱՄՆ տարածք անօրինական ճանապարհով զենք ներկրելու փորձի համար: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
30-ամյա Արթուր Սողոմոնյանը 2003 թվականին կապի մեջ է մտել Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել հրաձիգի և մի քանի միավոր հրազենի ձեռքբերման մասին, որոնք էլ հետագայում տեղափոխել է ԱՄՆ: Հետաքննության տվյալներով` հայը և նրա հանցակիցը` ՀԱՀ քաղաքացի Քրիստիան Դյուիթ Սփայսը մտադիր են եղել վաճառել նաև մի քանի հակատանկային հրթիռ, գնդացիր և խորհրդային արտադրության այլ զինամթերք, սակայն այդ գործարքները չեն կայացել:
Ըստ հետաքննության` գործի մանրամասները 100-ավոր էջեր են գրավում: Սողոմոնյանը, Սփայսը և հանցավոր խմբավորման ևս 4 անդամ ձերբակալվել են 2005 թվականին, իսկ 2007 թվականին նրանց մեղավոր են ճանաչել զենքի ապօրինի վաճառքի համար: Սփայսի դատավճիռը, ով Սողոմոնյանի հետ դիտարկվում է որպես հանցավոր խմբի ղեկավար, կկայացվի ավելի ուշ:
Վերջին խոսքում Սողոմոնյանը հայտնել է, որ անպատասխանատու վարք է ունեցել, սակայն ՀԴԲ-ի աշխատակցի հետ հանցավոր համաձայնության է եկել միայն այն պատճառով, որ նա խոստացել է իրեն ապահովել «կանաչ քարտով»: Դատական գործընթացի ժամանակ Սողոմոնյանը հայտարարել է, որ երազել է Նոբելյան մրցանակ ստանալու մասին. «Միգուցե ես շատ ինքնավստահ եմ եղել: Ես հասկացա, որ ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվի, սակայն դա պատահեց ոչ թե զենքի հետ կապված պատմության ժամանակ, այլ շատ ավելի շուտ»,- ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ` Սողոմոնյանի հանցավոր խմբում եղել է նաև երեք վրացի և մեկ ուկրաինացի: 2005 թվականին հայտնի դարձավ, որ ՀԴԲ աշխատակցին Սողոմոնյանի կողմից առաջարկվել է ոչ միայն սովորական զենք, այլ հարստացված ուրանի խմբաքանակ, մինչդեռ այս պահին գործի մեջ ատոմային զենքի մասին հիշատակում չկա: