10/03/2009 11:46
Վրացիները ճգնաժամ են փնտրում Երևանում
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` արդեն մի քանի օր Հայաստանում են գտնվում վրացական երկու հեռուստաընկերությունների նկարահանման խմբեր, որոնց աշխատանքային ուղևորության նպատակն է «տեսանյութեր հավաքել»` հաստատելու համար Վրաստանի նախագահի քարոզչությունը, ըստ որի «ճգնաժամի պայմաններում հարևաններն ապրում են ավելի վատ, քան վրացիները»:
Վրացական հեռուստատեսության ներկայացուցիչներին ներկայումս հաջողվել է հայթայթել մի քանի տասնյակ րոպե արխիվային կադրեր, կիրակի օրը նկարահանել կառուցվող շենքեր, որսալ Նաիրիտ քիմիական գործարանի համայնապատկերը և մի քանի հարցազրույց ունենալ արմատական ընդդիմության և քաղաքականորեն անգաժավորված «տնտեսագետների հետ»:
Այս ամենից դատելով կարելի է ենթադրել, որ մոտ ժամանակներս վրացական հեռուստաընկերություններով, ինչպես նաև ակումբներում և դպրոցներում կհեռարձակվի սարսափելի ֆիլմ այն մասին, թե որքան «վատ է հարևան Հայաստանում` հերոս նախագահի հետ մեկտեղ պայքարող Վրաստանի» համեմատ: Այդ թվում` ծրագրվում է քարոզչությունը կատարել տարօրինակ առասպելի շրջանակներում` հնչունավորված հենց Սահակաշվիլու ձայնով, որի համաձայն` Վրաստանը առագաստանավ է` փչացած շարժիչով:
Սեփական երկրի մասին նման պատկերոցումներ Վրաստանի նախագահի մոտ առաջացել են անցած տարվա դեկտեմբերին: Համաձայն վրացական լրատվական Civil.Ge կայքի հաղորդագրության` նախագահ Սահակաշվիլին աշխարհի ծանր տնտեսական վիճակի մասին ասել է դեռ 2008 թ-ի դեկտեմբերի 11-ին` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Սահակաշվիլին նաև հայտնել է, որ վերջերս այցելել է Լատվիա, Ուկրաինա և Կատար:
Վրաստանի նախագահի խոսքերով` «Լատվիայում փլուզվել է ողջ բանկային համակարգը, երկիրը գտնվում է դեֆոլտային վիճակում»: «Հունգարիան մոտենում է դեֆոլտի վտանգին, իսկ Չեխիայի հանրապետությունում աղետալի խնդիրներ կան», հայտնել է Սահակաշվիլին և հավելել. «Վերջերս եղել եմ մեր բարեկամ Ադրբեջանում, որտեղ գրեթե 100 տոկոսով դադարել են շինարարական աշխատանքները… Ես եղել եմ Կատարում, որտեղ մեկ անձի համար նախատեսված ծախսերը 40 անգամ ավել են, քան Վրաստանում, և այնտեղ համարյա ողջ շինարարությունը կանգնած է»:
«Մեր փոքրիկ նավը մուտք է գործում այնպիսի փոթորկի մեջ, որտեղ ավելի մեծ նավեր կարող են խորտակվել», - հայտարարել է Սահակաշվիլին, -«Այդ պատճառով մեր խնդիրն է` մինչ մենք կհայտնվենք այն փոթորկում, որտեղ արդեն գտնվում է Ուկրաինան, որի արդյունաբերույթան մեծ մասը գրեթե կանգնել է, որտեղ արդեն գտնվում է Ռուսաստանը` Վրաստանի հետ պատերազմից անմիջապես հետո, որտեղ անկում է ապրել բորսաների 80 տոկոսը, աշխատավարձերի պարտքերն արդեն կազմում են տնտեսության 13 տոկոսը: Մենք պետք է մեր նավում այնպիսի տեղաշարժեր անենք` հավաքենք առագաստները, վերանորոգենք շարժիչը, յուղենք ամեն ինչ, որպեսզի մեր նավը լինի ավելի դիմացկուն և, որ Տիտանիկի ճակատագիրը մեզ չսպառնի»: