11/03/2009 10:11
Տիգրան Պետրոսյանը կրկին հաղթեց
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցան հերթական` 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող մասնակիցներից միայն Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տոնեց` սևերով առավելության հասնելով Նիժնիկի նկատմամբ: Այժմ նա 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և ընթանում է առաջատարների խմբում` մեծ թվով այլ շախմատիստների հետ բաժանելով 4-26-րդ հորիզոնականները:
Նախորդ տուրում հաջող ելույթից հետո, ցավոք, դիրքերը զիջեց Տիգրան Քոթանջյանը` պարտվելով Նյուբակին: Հերթական ծանր պարտիան անցկացրեց Արտաշես Մինասյանը և չկարողացավ միավոր վաստակել: Հաջողությունը կրկին ուղեկցեց նրա մրցակցին, այս անգամ` Պրեդոևիչին:
Մեր երկու շախմատիստների` Զավեն Անդրիասյանի ու Վլադիմիր Հակոբյանի առերես պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:
Բավարար չի կարելի համարել Վլադիմիր Հակոբյանի ցուցանիշը: Հայ շախմատիստն իր վարկանիշով (2700) 2-րդն է այս մրցաշարի 305 մասնակիցների թվում, սակայն առայժմ համարժեք խաղ չի ցուցադրում:
Առավելագույն գործակից ունեցող շախմատիստն իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն է (2702):