12/03/2009 10:57
Հակոբյանն ու Անդրեասյանը հաղթեցին
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցան հերթական` 6-րդ տուրի պարտիաները: Նախորդ տուրերում տոնած հաղթանակներից հետո Տիգրան Պետրոսյանի խաղում անկում նկատվեց: Սպիտակներով հանդես եկող հայ շախմատիստը զիջեց Անդրեյ Վոլոկիտինին:
Արթուր Չիբուխչյանը պարտվեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ջովանա Վոժինովիչին: Երկու պարտիաներում հայ շախմատիստները կարողացան հաղթանակ տոնել. Վլադիմիր Հակոբյանն առավելության հասավ Լուկա Լենիչի նկատմամբ, իսկ Զավեն Անդրեասյանը պարտության մատնեց իր ռուս մրցակցին` Վլադիմիր Դոբրովին:
Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը և Արտաշես Մինասյանը ոչ-ոքի արձանագրեցին համապատասխանաբար Միսո Ջեբալիոյի, Ալեքսանդր Չունդինովսկիխի և Բիթ Զուեգերի հետ մրցամարտերում: 4-ական միավորով այժմ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանն ու Տիգրան Պետրոսյանը մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում են 5-29-րդ հորիզոնականները: