13/03/2009 11:28
Արտաշես Մինասյանը վերջապես հաղթեց
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կազմակերպված տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնությունում տեղի են ունեցել հերթական տուրի հանդիպումները:
Ցավոք, Տիգրան Պետրոսյանը, ով ընդամենը երկու տուր առաջ մեր շախմատիստների թվում առաջատարն էր, կրկին պարտություն կրեց` այս անգամ զիջելով Վալերի Պոպովին: Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը համապատասխանաբար Անտոն Շոմոևի ու Լյուկ վան Վելիի հետ մրցամարտներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Տիգրան Քոթանջյանն էլ, իր հերթին, իրեն պարտված ճանաչեց Մաքսիմ Սերովի հետ պայքարում:
Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչներն ավելի բարձր մակարդակով հանդես եկան և հաղթանակներ տոնեցին: Արտաշես Մինասյանն առավելության հասավ անգլիացի Մարկ Ֆերգյուսոնի, Արման Փաշիկյանը` Չեռնոգորիայի ներկայացուցիչ Նիկոլա Դյուկիչի, Արթուր Չիբուխչյանը` խորվաթ Ջուլիան Պլենկայի նկատմամբ:
Այս պահի դրությամբ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը 4,5-ական միավորով մի շարք այլ մասնակիցների հետ կիսում են 11-33-րդ հորիզոնականները: