16/03/2009 12:27
Հետաձգում են Հարավային Օսեթիայի ֆինանսավորումը
Ռուսաստանի Միջտարածաշրջանային զարգացման հանձնաժողովի միջգերատեսչական խորհրդակցությունը, որում պետք է այսօր քննարկվեր Հարավային Օսեթիայի ֆինանսավորման հարցը, հետաձգվել է մինչև ապրիլ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով Ռոսբալտ-ին:
Սույն հարցի քննարկումն արդեն չորրորդ անգամ է հետաձգվում, քանի որ Մոսկվան և Ցխինվալը չեն կարողանում համաձայնության գալ` ֆինանսավորման սխեմայի ընդունման հարցում:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 13-ին Հարավային Օսեթիայի վերականգնման ծրագրերն իրականացնող պետական կոմիտեի անդամ Զուրաբ Կաբիսովը հայտարարել է, որ Հարավային Օսեթիայում, որտեղ 2008 թ-ի օգոստոսյան ռազմական գործողություններից հետո վրացական ռազմական ուժերի կողմից ավերվել են բազմաթիվ կառույցներ, շինարարական աշխատանքները դադարեցվել են` միջոցների սղության պատճառով և չեն վերսկսվի սեպտեմբերից շուտ, եթե ռուսական կողմից ֆինանսավորումը չվերականգնվի:
Ռուսաստանը Հարավային Օսեթիայի վերականագման համար խոստացել էր տրամադրել 10 միլիարդ ռուբլի: Օգոստոսի վերջին խոստացվածի 1.5 միլիարդն արդեն տրամադրվել է` անհետաձգելի աշխատանքները ֆինանսավորելու համար:
«Այսօր վերակառուցման աշխատանքները շրջաններում չեն իրականացվում: Եթե ինչ-որ բան կատարվել է, ապա դրանք սկսվել են Նոր տարուց առաջ` այն հույսով, որ հետագա աշխատանքների համար կլինի ֆինանսավորում: Օրինակ, մինչ ամանորը Հարավային Օսեթիայի Զնաուրիի շրջանում սկսել էին վերակառուցել Ներքին գործերի նախարարության շենքը և հիվանդանոցը: Բայց այսօր վերակառուցման աշխատանքների ֆինանսավորումը դադարեցվել է»,- հայտնել է Կաբիսովը և հավելել,- «Եթե ֆինանսավորումը հետաձգվի, ապա վերակառուցման գործընթացը լավագույն դեպքում կսկվի սեպտեմբերին»: