17/03/2009 17:17
Ադրբեջանի առաջին տիկինը հասել է համաներման շնորհման
Ադրբեջանի Միլի Մեջլիսը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Համաներման մասին ակտը, որի նախաձեռնողը պատգամավոր Մեհրիբան Ալիևան էր` Իլհամ Ալիևի կինը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` ակտին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, դեմ` մեկը:
Ակտը սահմանում է, որ համաներում պետք է շնորհվի ազատազրկման վայրերում գտնվող կանանց, ովքեր առանձնակի ծանր հանցագործություններ չեն կատարել և հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, 18 տարին չլրացած անձանց, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին, տղամարդկանց, որոնց 60 տարին արդեն լրացել է, քաղաքացիներին, ում խնամակալության տակ են գտնվում անչափահաս երեխաներ կամ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ երեխաներ:
Բացի այդ, համաներում կշնորհվի բոլոր այն անձանց, որոնց ազատազրկման ավարտին մնացել է պակաս, քան մեկ տարի: Պատասխանատվությունից կխուսափեն այն անձինք, ում դատապարտել են հարկադիր կամ հասարակական աշխատանքի, տուգանքի կամ պայմանական ազատազրկման:
Համաներումը կտարածվի ավելի, քան 9 հազար քաղաքացու վրա, նրանց 1700-ն ազատ կարձակվի: