18/03/2009 14:04
Սյուզի Կենտիկյան. «Ռեյդը շատ ուժեղ հակառակորդ է»
WBA-ի և WIBF-ի վարկածներով առաջին թեթևքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը մարտի 20-ին գերմանական Համբուրգում կոչումների պաշտպանության համար պետք է մենամարտ անցկացնի ամերիկուհի Էլենա Ռեյդի հետ: Գերմանիան ներկայացնող հայ մարզուհին հայտարարել է, որ առաջիկա մենամարտն իր կարիերայում ամենակարևորներից մեկն է:
«Այդ մարտը շատ բարդ է լինելու: Ռեյդը բավական ուժեղ ու փորձառու մրցակից է, լավագույններից մեկը, ում հետ երբևիցե առիթ է եղել մենամարտել: Ես պետք է ցուցադրեմ իմ բոլոր լավագույն որակները: Միայն այդ դեպքում կկարողանամ հաղթել: Հիշեք Ռեյդի մենամարտը Ռեգինա Հալմիկի հետ, և կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ մարզուհին»,- Կենտիկյանի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը: