20/03/2009 13:05
Կայացավ էներգետիկայի նախարարների հինգերորդ հանդիպումը
Այսօր Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հինգերորդ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Հայաստանը անցած տարվա նոյեմբերին ստանձնել է ՍԾՏՀ նախագահությունը:
Քննարկման առարկան էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ և Եվրամիության գործողությունների համատեղ ծրագրի իրականացման համար մեխանիզմների ստեղծման վերաբերյալ փաստաթուղթն էր:
Դրա նպատակն է միավորել Սևծովյան էլեկտրաէներգետիկական օղակը և եվրոպական էներգետիկական համակարգերը, որի արդյունքում Եվրոպայի ու ՍԾՏՀ-ի համագործակցությունը տեղի կունենա այդ երկու օղակների միավորման արդյունքում։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, նմանատիպ քննարկումներն ու կարծիքների փոխանակումը հնարավորություն կտա Հայաստանին և ՍԾՏՀ անդամ մյուս երկրներին ընդլայնել համագործակցության սահմանները:
Ա. Մովսիսյանը կարևորեց փաստը, որ ծրագրի իրականացման ընթացքում պետք է ուշադրություն դարձվի, որ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար չանդրադառնա այդ գործընթացի վրա և չդառնա ընդունված որոշումների սառեցման պատճառ: