23/03/2009 13:04
ՈՒկրաինական գազի խողովակի ապագան կորոշվի Բրյուսելում
Այսօր Բրյուսելում կայանալու է խորհրդաժողով` ուկրաինական գազատրանսպորտային համակարգի նորացման թեմայով, որի արդյունքում «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը կարող է ստանալ 2.5 միլիարդ դոլարի չափով վարկ:
Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ Ուկրաինա»-ն, այդ միջոցները ստանալու համար Ուկրաինան պարտավորվում է իրականացնել մի շարք պարտավորություններ` գազատրանսպորտային բնագավառում բարենորոգումներ իրականացնելու առումով:
ԸստՌոսբալթ.ռու-ի, հաղորդագրության, այսօր ստորագրվելիք միասնական հայտարարության տեքստի համաձայն, Ուկրաինայի գործադիր մարմինը պարտավորվում է երաշխավորել «Ուկրտրանսգազի» անկախությունը և «այդ օպերատորի համար ապահովել գազամուղների բարձր ճնշման և գազի խնայողությունների եկամուտներից ստացված մուտքերը»` այն մակարդակով, որը բավարար կլինի կազմակերպության կայուն գործունեության համար:
Ուկրաինայի իշխանությունները նաև պարտավորվում են բացել գազի փոխադրման համակարգը` այն կազմակերպություններին հասանելի լինելու համար, որոնք ցանկանում են բարձր ճնշում ապահովող գազամուղներով գազ տեղափոխել, ինչպես նաև հնարավորություն տալ «երրորդ կողմին օգտվել գազի ստորգետնյա պահեստներից` թափանցիկ առևտրային պայմաններում»:
Բացի այդ, Կիևը խոստացել է մինչև այս տարվա վերջ կազմել գազի համակարգի 2010-2011 թվականների բարեկարգման ծրագիրը: