24/03/2009 11:27
Պուտինը կվերանայի հարաբերությունները ԵԽ երկրների հետ
Ռուսասատանը կվերանայի հարաբերությունները Եվրախորհրդի երկրների հետ, եթե Մոսկվայի շահերն անտեսվեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Ռիա-Նովստի գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը` Սոչուիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Եթե Ռուսասատանի շահերն անտեսվեն, ապա մենք էլ պետք է հարկադրված լինենք վերանայել մեր հարաբերությունների սկզբունքները,- ասել է ՌԴ վարչապետը և հավելել - Ես շատ կցանկանայի, որ գործը դրան չհասնի»:
Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ անիմաստ է լուծել ռուսական գազի արտահանման ծավալների մեծացման խնդիրը առանց մատակարարողի:
«Շատ կցանկանայի, որ մեր ձայնը լսվեր: Մենք պատրաստ ենք մեր բոլոր գործընկերների հետ համատեղ կառուցողական աշխատանք սկսել»,- ավելացրել է Ռուսաստանի վարչապետը:
Խոսելով Բրյուսելում Ուկրաինայի և Եվրախորհրդի կողմից ընդունված հռչակագրի մասին, Պուտինը նշել է, որ ներդրումների հաջողության գլխավոր գրավականը, ինչպես գրված է հռչակագրում, կարող է լինել միայն գազի արդյունահանման ծավալը:
Դրա հետ մեկտեղ Պուտինը նշել է, որ էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի և գրեթե բոլոր եվրոպական ընկերությունների միջև ստեղծվել են շատ գործնական և գործընկերային հարաբերություններ:
«Դա վերաբերում է ածուխին, ատոմային էներգիային, էլեկտրաէներգիային, որտեղ եվրոպական ընկերությունները կատարել են մեծ ներդրումներ: Մենք Եվրոպայում գնում ենք գազատրանսպորտային սարքավորումներ` 26 միլիարդ դոլարի հասնող գումարով», - հավելել է Պուտինը: