27/03/2009 19:20
Ստորագրվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
2009թ. մարտի 26-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը Արդշինինվեստբանկի և ամերիկյան WorldBusiness Capital Inc ընկերության միջև ստորագրվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Նշված Վարկը երաշխավորված է ԱՄՆ կառավարության OPIC գործակալության կողմից: Այս մասին տեղեկանում ենք «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կողմից տարածած հաղորդագրությունից:
Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համատեղ ծրագրի իրականացման համար: Արդշինինվեստբանկն իր կողմից այս ծրագրի իրագործման համար ներդնելու է 2,5 մլն ԱՄՆ դոլար:
Վարկային պայմանագիրը ստորագրվել է Արդշինինվեստբանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանի և WorldBusiness Capital Inc ընկերության փոխնախագահ Ռոբերտ Մոնյակի կողմից: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, OPIC գործակալության և WorldBussines Capital Inc ընկերության բարձրաստիճան պատասխանատուներ, Համաշխարհային Բանկի խմբի կազմի մեջ մտնող IFC ընկերության ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, հյուրեր, լրագրողներ:
Աղբյուրի փոխանցմամբ` Երևանում, Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանը հետևյալ կերպ է մեկնաբանել կատարված իրադարձությունը. «Այս ծրագրի իրագործմամբ Արդշինինվեստբանկը կնպաստի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, կօգնի նրանց` հաղթահարելու միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարությունները: Բանկը շարունակաբար զարգացնելու է իր միջազգային համագործակցության շրջանակները` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՀՀ տնտեսության կայունությանը աջակցելու նպատակով»: