28/03/2009 09:25
Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է
Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950 թվականի մարտի 28-ին: Տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Այս մաիսն տեղեկացանք Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։
Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում և ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։
1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրության համար մղված մարտերին` Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի …
Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։
1990-ին ընտրվելով ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995-ից Ազգային Ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։
1996 թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին և ստացել ռազմավարի որակավորում։
Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին։