30/03/2009 20:02
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջերմ նվերը Գեղարքունիքի մարզին
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության 2008 թվականի ծրագրերի շրջանակներում ավարտին են հասցվել Գեղարքունիքի մարզի չորս գյուղերի գազատարի և ջրատարի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած լայնածավալ ծրագրերը` ուղղված Հայաստանի գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների և կարևորագույն ենթակառուցվածքային համակարգերի բարելավմանը: Հիմնվելով մարզային ենթակառուցվածքներին առնչվող կարիքների գնահատման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այնպիսի կարևորագույն ենթակառուցվածքների անհրաժեշտությունը, ինչպիսիք են բնական գազի ու ոգոգման ջրի մատակարարումը` բազմաթիվ սոցիալական խնդիրներին անհապաղ լուծում տալու համար բավարար ռեսուրսներ չունեցող Գեղարքունիքի մարզում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսական միջոցներ հատկացրեց մարզի չորս գյուղերում` Լանջաղբյուրում, Վարդաձորում, Վերին Գետաշենում և Վաղաշենում, գազատարի և խմելու ջրի մատակարարման համակարգերի կառուցման նպատակով:
30.5 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի նպատակն է բարելավել կենսապայմանները Գեղարքունիքի մարզում, որն աչքի է ընկնում արտագաղթի բարձր ցուցանիշներով:
«Հուսով ենք, որ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս ծրագիրը, որը մենք իրականացնում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, հնարավորություն կընձեռի երկարաժամկետ կտրվածքում նվազեցնել արտագնա աշխատանքի մեկնելու մեծ ծավալները, ինչը հատուկ է այս մարզի համար: Այսպես, մենք փորձում ենք գյուղացում կապել իր հողին և ամուր հիմք ստեղծել նրանց գործունեության համար», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` Ս.թ. մարտի 30-ի դրությամբ ավարտին են հասցվել Գեղարքունիքի մարզի գյուղերում 2008թ-ին մեկնարկած հետևյալ աշխատանքները` Լանջաղբյուր գյուղում 377,5 մ գազատարի անցկացում` 3 մլն դրամ, 674 մ գազատարի անցկացում Վարդաձոր գյուղում` 5.5 մլն դրամ, խմելու ջրի ենթակառուցվածքների վերանորոգում (820 մ) Վերին Գետաշեն գյուղում` 15 մլն դրամ, խմելու ջրի ենթակառուցվածքների վերանորոգում (1010 մ) Վաղաշեն գյուղում` 7 մլն դրամ արժողությամբ: