31/03/2009 18:56
Նախագահն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ` ծանոթանալու մարզի խոշոր արդյունաբերական գործարանների և տնտեսվարող սուբյեկտների հետ:
Այցի շրջանակներում նախագահը եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացավ գործարանի վիճակին և կատարվող աշխատանքներին:
Նշենք, որ 1992 թ.-ից գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերջին երեք տարիների ընթացքում իր արտադրության ծավալները մեծացրել է հիսուն տոկոսով: Այս պահի դրությամբ` ընկերությունը ապահովվում է ավելի քան 10. 000 աշխատատեղ:
Գործարանը շարունակում է ակտիվ համագործակցությունը առաջատար արևմտյան ընկերությունների հետ` պղնձի խտանյութի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների գործարկման առումով:
Ըստ կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ մի կրճատում չի եղել, այլ բացվել են նոր աշխատատեղեր: «Ապրիլին սպասվում է երկու խոշոր արևմտաեվրոպական կազմակերպությունների համաձայնության ստորագրում, ըստ որի, Հայաստանը կունենա պղնձի լար և պղնձի փոշի, այլևս խտանյութ չի արտահանվի և կունենա պատրաստի արտադրանք»:
Հաշվի առնելով այն փաստը, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդել է հանքարդյուանաբերության ոլորտի վրա, 2009 թ.-ի փետրվարին ՀՀ կառավարությունը որոշեց երեք ամիս ժամկետով ԶՄՊԿ-ին տրամադրել 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ներդրումներ կատարելու համար: Ի դեպ, ներկրվել է շուրջ 250 տոնա ընդհանուր քաշով սարքավորում:
Ներկայումս գործարանում ընթանում են մոնտաժման աշխատանքներ և գործարանի արտադարանքը 10 տոկոսով աճել է` նախորդ տարվա ժամանակահատվածի հետ համեմատ: