31/03/2009 20:53
«Որևէ աշխատավարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու»
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատև հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:
Կապան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին և Արցախյան գոյամարտում անհայտ կորածների խաչքարին:
Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ֆինան-սատնտեսական ճգնաժամի պայմաններում մարզի լեռնահանքային համալիրի խնդիրները, այդ ուղղությամբ հետագա քայլերն, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակն ու առաջնային կարևորության խնդիրները:
ՀՀ նախագահն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Այսօր այցելությունս սկսել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից, տեղում տեսանք, որ կոմբինատն ամբողջովին ոչ միայն աշխատում է, այլ նաև զարգացման ծրագիր է իրականացնում: Ամենայն խորությամբ ծանոթ եմ նաև Ագարակի ու Կապանի կոմբինատների ներկա իրավիճակին: Իմ գնահատականը միանշանակ է` Քաջարանի կոմբինատի այսօրվա վիճակն արդյունք է սեփականատերերի, կոմբինատի ղեկավարության քրտնաջան ու բեղմնավոր աշխատանքի, և չեմ կասկածում, որ դժվարին որոշումներ են կայացվել:
Եզրակացությունս միանշանակ է` բոլոր երեք խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են և պետք է աշխատեն: Պետք է աշխատեն նույնիսկ զրոյական շահութաբերության պայմաններում` հասկանալով, որ ոչ միայն կարևոր սոցիալական խնդիր են լուծում, այլև վաղվա շահույթներն են վաստակում: Ես խորապես համոզված եմ, եթե Քաջարանի կոմբինատը 90-ական թթ, 2000թ. սկզբներին դժվարություններով չաշխատեր, վերջին հինգ-վեց տարիների հսկայական շահույթները չէր ունենա:
Ձեռնարկությունները պետք է աշխատեն, և այս առումով, եթե ՀՀ Կառավարությունից որևէ լրացուցիչ ակնկալիք կա, մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել: Ընդհանրապես ճգնաժամի հետ կապված, վերջին ամիսների ընթացքում մենք մեկ խնդիր չէ, որ լուծել ենք, և այսուհետ ևս որևէ խոչընդոտի առջև կանգ չենք առնելու:
Ճգնաժամի պատճառով պղնձի և մոլիբդենի գների աննախադեպ կտրուկ անկման հետևանքով, երբ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ մետաղների գները նվազեցին 3-3.5 անգամ, մեր հանրապետության ոչ միայն այս ձեռնարկությունները հայտնվեցին ծանր վիճակում, որովհետեւ բոլորին քաջ հայտնի է, որ արտահանման ծավալների մի զգալի մասը կապված է հենց այս կոմբինատների աշխատանքների հետ, և բնականաբար, ոչ միայն արտահանման, նաև հարկերի ու պետական այլ եկամուտների խնդիրներ են առաջանում: Կառավարությունը ճյուղի առաջատար ձեռնարկությունների հետ անընդհատ աշխատել է առաջացած խնդիրների հաղթահարման հնարավորությունների ստեղծման համար, և առանձին դեպքերում տարբերակված մոտեցումների ցուցաբերմամբ աջակցության ծրագրեր է իրականացնում: Մենք վստահ ենք, որ կառավության աջակցությունը, արձագանքները անմիջապես պետության կարգավորմանը ենթակա հարցերում պետք է լինեն օպերատիվ, և պետություն-մասնավոր այս համագործակցության պայմաններում մենք պետք է լուծենք Հանրապետության եւ մարզի խնդիրները:
Իհարկե, մարզի, Հանրապետության ոչ բոլոր ձեռնարկություններում է հաջողվել գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտային նույն կերպ առանց ցնցումների աշխատել ընդգծված անբարենպաստ պայմաններում: Բայց կարծում եմ, այսօր մենք կարողացել ենք հասնել մի իրավիճակի, երբ մեր առջև պետք է դնենք ոչ միայն այս երեք ձեռնարկությունների, այլև ընդհանրապես մեր Հանրապետության շատ ձեռնարկությունների հստակ աշխատանքի խնդիրը:
Առավել ևս, որ ազգային արժույթի վերջերս արձանագրված արժեզրկումը, և մետաղների միջազգային գների փոքր ինչ հուսադրող միտումները, կարծեք թե, որոշակի դրական պայմաններ են ստեղծում: Մենք այդ համեմատաբար և հարաբերական բարենպաստ պայմաններից անպայման պետք է օգտվենք»:
Այնուհետեւ երկրի ղեկավարը մարզային համապատասխան կառույցների առջև դրել է մեկ հստակ պահանջ և նշել, որ «որևէ աշխատավարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու, և ոչ էլ որևէ խոչընդոտ է լինելու դրանք ճիշտ ժամկետին մարդկանց հասցնելու: Ինչ պայմաններ ուզում է ստեղծվեն ուսուցչի, ոստիկանի, բանվորի աշխատավարձը մենք ժամանակին պետք է վճարենք, թոշակառուն իր թոշակը ժամանակին պետք է ստանա, և այս խնդիրներում որևէ ձգձգում մեր կողմից գնահատվելու է որպես անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեն տրամադրում է, հետևաբար, այն պետք է կարճ ժամկետում հասցվի հասցեատիրոջը: Սա է մեր կարևորագույն խնդիրն այսօր»:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացնել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առավել ընդգրկուն խնդիրները: