31/03/2009 21:28
Սյունիքում աշխատատեղերի կրճատումներ չեն լինելու
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված քաննարկումից հետո, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենները հավաստիացրեցին, որ հետևելու են քննարկման ժամանակ ձեռք բերված պարտականություններին:
Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր հանդիսացող Ռոբերտ Պալետան նշել է, որ նախագահը ուշադիր լսել է նրանց առաջարկները և ծրագրերը: Գործարարը տեղեկացրել է, որ մինչև ապրիլի վերջը գործարանը կգործի իր ամբողջ ծավալով: Նա նաև հավաստիացրել է, որ ոչ մի լուրջ կրճատումներ չեն լինելու:
«Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը 900-950 հոգի աշխատակազմով: Մասսայական կրճատումներ չեն լինելու, իսկ եթե որևէ կրճատում լինելու է, ապա միայն ժամանակավոր»,- ասել է նա:
Իր հերթին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը ընդգծել է, որ արտադրությանը այլընտրանք չկա: Նա հավաստիացրել է, որ կոմբինատը ներկայումս աշխատում է:
«Մենք միայն ժամանակավորապես դադարեցրել ենք աշխատանքները` վերազինման նպատակով: Այդ աշխատանքները հիմնականում կապված են կազմակերպության ղեկավարումը բարելավելու միտումով»,- նշել է նա և հավելել, որ հունիսից պատրաստվում են աշխատել ամբողջ հզորությամբ, այսինքն` 2500 տոնա հումք արտադրել` ամսեկան:
«Մենք հավաստիացնում ենք, որ այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել ենք կառավարության առջև, լիովին իրականացվում են. 900 մարդ աշխատում և աշխատելու է` անկախ այն իրավիճակից, որը կծնի տնտեսական ճգնաժամը»: