01/04/2009 15:39
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵՔՐԴ-0567/01/08 (62215908) քրեական գործով մեղադրող դատախազները վերանայել են գործով ամբաստանյալներ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքները:
Նկատի ունենալով, որ գործի դատական քննության ընթացքում` 2009թ. մարտի 18-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածներում, մեղադրողները որոշել են դադարեցնել նշված ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը` փոփոխել և առաջադրել նոր մեղադրանք:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրվել են քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշումները»: