02/04/2009 10:49
Խաղը որակ ձեռք բերեց, իսկ նշանառությունը նույնն էր
Էստոնիա-Հայաստան 1:0 (0:0)
Էստոնիա- Սերգեյ Պարեյկո, Յանար Յագեր, Տաավի Ռյահն, Ռայո Պիրոյա, Ռագնար Կլավան, Սանդեր Պուրի, Կոնստանտին Վասիլև, Ալեքսանդր Դմիտրիև, Քրիստեն Վիյկմյաե (Սերգեյ Զեյնով, 63), Վլադիմիր Վոսկոբոյնիկով (Մարտին Վունկ, 86), Տարմո Կինկ (Ժոել Լինդպերե, 69):
Հայաստան- Գևորգ Կասպարով, Ռոբերտ Արզումանյան, Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Արարատ Առաքելյան, Լևոն Պաչաջյան, Արտավազդ Քարամյան (Գևորգ Ղազարյան, 90), Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան (Արման Քարամյան, 87):
Գոլը` Սանդեր Պուրի, 84 (1:0):
Ք. Տալլին, «Ա Լե Կոկ» մարզադաշտ, 6000 հանդիսական:
Զգուշացվեցին` Աղվան Մկրտչյան (86), Սերգեյ Պարեյկո (90):
Էստոնիա-Հայաստան հանդիպման ենթատեքստերը
Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական 5-րդ խմբի հետնապահների հանդիպումը կարող էր ոչ մի ուշադրության չարժանանալ Եվրոպայում, եթե չլիներ մի հետաքրքրաշարժ հանգամանք: Նախօրեին Էստոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահն սկանդալ սարքեց մարզադաշտում` բռունցքներով ու վիրավորական արտահայտություններով հարձակվելով Հայաստանի հավաքականի վրա: Մեր ընտրանին հանգիստ մարզվում էր «Ա Լե Կոկ» մարզադաշտում, երբ նրանց հասցեին լսվեցին կեղտոտ արտահայտություններ ու սպառնալիքներ, այն էլ` երկրի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի կողմից: Պատճառը, ինչպես պարզվեց հետո, այն էր, որ Պոխլակին թվացել էր, թե հայերը միտումնավոր փորձում են ավելի շատ վնասել առանց այդ էլ անձրևից նկատելիորեն տուժած ծածկը: Էստոնիայի նախագահը, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն խաղը ևս, մինևույն է, մեկ ենթատեքստ ունեցավ: Իսկ առաջին ենթատեքստը մրցաշարային աղյուսակի ընդգծված հետնապահի դերից խուսափելն էր, և երկու թիմերն էլ ձգտում էին հասնել իրենց նպատակին:
Մարտավարություն
Հայաստանի ազգային հավաքականն ընտրել էր 4-5-1 մարտավարությունը` խաղադաշտի կենտրոնը հագեցնելու ակնհայտ միտումով: Վնասվածք ստացած Ռոման Բերեզովսկու փոխարեն այս անգամ մեր ընտրանու դարպասը պաշտպանում էր Գևորգ Կասպարովը: Պաշտպանությունում աջից ձախ դիրքավորվել էին Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Աղվան Մկրտչյանը: Կիսապաշտպանության աջ թևում գործում էր Լևոն Պաչաջյանը, իսկ ձախ եզրում` Արտավազդ Քարամյանը: Արթուր Ոսկանյանին, ով նույնպես Էստոնիայի մայրաքաղաք չէր ժամանել վնասվածքի պատճառով, հենակետային կիսապաշտպանի դիրքում փոխարինել էր փյունիկցի Արթուր Եդիգարյանը` համագործակցելով Արարատ Առաքելյանի հետ: Փլեյմեյքերի պարտականությունները կատարում էր Հենրիխ Մխիթարյանը: Միակ հարձակվողն Էդգար Մանուչարյանն էր:
Հարկ է նշել, որ առաջին խաղում էստոնացիները հանդես էին գալիս մեկ հարձակվողով, ինչի շնորհիվ նկատելի առավելություն էին ստացել միջին օղակում, քանի որ Հայաստանի ազգային թիմը հանդես էր գալիս 4-4-2 մարտավարությամբ:
Բնական է, որ սեփական հարկի տակ խաղում մրցակիցն արդեն ստիպված էր լինելու երկրպագուների աջակցությամբ ստանձնել առաջին համարի դերը և ասպարեզ հանել երկու հարձակվողների, որի մասին նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել էր նաև Էստոնիայի թիմի գլխավոր մարզիչ Տարմո Ռյուտլին: Հույս կար, որ կենտրոնում ստեղծելով հզոր պլացդարմ` հայ ֆուտբոլիստները սուր հակագրոհների միջոցով կկարողանան հասնել իրենց նպատակին:
Էստոնիայի ազգային հավաքականը, ինչպես և ենթադրվում էր, խաղադաշտում դասավորվեց 4-4-2 մարտավարությամբ: Դարպասում, ինչպես և նախորդ խաղում, Սերգեյ Պարեյկոն էր: Պաշտպանությունում հանդես էին գալիս Յանար Յագերը, Ռագնար Կլավանը, Ռայո Պիրոյան և Տաավի Ռյահնը, կիսապաշտպանությունում` Ալեքսանդր Դմիտրիևը, Տարմո Կինկը, Սանդեր Պուրին ու Կոնստանտին Վասիլևը: Հարձակողական երկյակ էին կազմել Քրիստեն Վիյկմյաեն և Վլադիմիր Վոսկոբոյնիկովը:
Առաջին խաղակես
Խաղասկզբում հայ ֆուտբոլիստներն ակտիվ էին և լրջորեն անցան գործի` փորձելով ապացուցել, որ երևանյան խաղում արձանագրված ոչ-ոքին միայն պատահականություն է: Արդեն 10-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը հեռահար հարվածով ստուգեց Սերգեյ Պարենկոյի զգոնությունը: Վերջինիս մեծ դժվարությամբ հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը: Շատ չանցած Արտավազդ Քարամյանի հարվածից հետո գնդակը մրցակցի խաղացողներից մեկից անդրադարձ թռիչքով սլանում էր դեպի դարպասը, սակայն պաշտպանին վերջին պահին հաջողվեց ցատկով գնդակը հանել դարպասային գծից: Հանուն արդարության` պետք է նշել, որ այդ դրվագում Սերգեյ Պարեյկոն աչալուրջ էր և լիովին վերահսկում էր իրավիճակը:
Էստոնացիները հասկանում էին, որ այդպես շարունակելու դեպքում կարող են պարտվել, քանի որ նրանց խնդիրը գնդակը սեփական տուգանային հրապարակի մատույցներից հեռացնելն ու խաղը Հայաստանի հավաքականի կիսադաշտ տեղափոխելն էր: Եվ նպատակն էլ պարզ էր. անձրևի ու սառույցի հալվելու հետևանքով խաղադաշտն ահավոր վիճակում էր, և ամեն ինչ կարող էր պատահել, առավել ևս, որ հայ ֆուտբոլիստները տեխնիկապես գրագետ ֆուտբոլ են դավանում և նման պայմաններում, բնականաբար, չէին կարողանա դրսևորել իրենց առավելությունները: Միաժամանակ բացառված չէր, որ, ինչպես և նախորդ խաղում, մեր ֆուտբոլիստները վրիպումներ թույլ կտան պաշտպանությունում: 15-րդ րոպեից սկսած` դաշտի տերերն սկսեցին ակտիվանալ և հավասարեցրեցին խաղը:
Հաջորդ դրվագը, որին արժե անդրադառնալ, հենակետային Արթուր Եդիգարյանի միացումն էր գրոհին: Էդգար Մանուչարյանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, վերջինս այն հետ գլորեց, և Արթուր Եդիգարյանը ընթացքից ուժգին հարված կատարեց, սակայն գնդակը սլացավ ուղիղ դեպի դարպասապահը: Իսկ 40-րդ րոպեին դաշտի տերերը պատասխանցին ոչ պակաս վտանգավոր գրոհով: Ձախ եզրում ստացած տուգանային հարվածն իրացրեց Կոնստանտին Վասիլևը` գնդակը բարձրից ուղարկելով դարպասային հրապարակ: Գևորգ Կասպարովը գնդակը հեռացնելու համար ստիպված էր դրսևորել իր ողջ ունակությունները:
Երկրորդ խաղակես
Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները շարունակում էին ուղիներ որոնել դեպի մրցակցի դարպասը: 51-րդ րոպեին Էդգար Մանուչարյանի վտանգավոր հարվածը միայն Սերգեյ Պարեյկոյի վարպետության շնորհիվ չհայտնվեց դարպասում. Վերջինիս հաջողվեց հանել դեպի դարպասի մոտակա անկյունը սլացող գնդակը: Դաշտի տերերը շարունակում էին պաշտպանվել մեծ ուժերով և տուգանային հրապարակի մատույցներից զգալի հեռավորության վրա կասեցնում էին մեր թիմի գրոհներն ինչպես թույլատրելի հնարքներով, այնպես էլ կանոնների խախտումներով: Որքան էլ զարմանալի է, մրցավարի սուլիչը հաճախ լռում էր, իսկ եթե հնչում էլ էր, գերազանցաբար` Էստոնիայի ազգային հավաքականի օգտին: Խաղավերջում էստոնացիները կրկին ակտիվացան: 78-րդ րոպեին սուր անկյան տակ Կոնստանտին Վասիլևի կատարած հարվածից հետո դրությունը փրկեց փորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանը:
Ասել, թե հյուրերը մտածում էին միայն պաշտպանության մասին, ճիշտ չի լինի: Նրանք նաև սուր հակագրոհներ էին կազմակերպում, որոնցից մեկը պարզապես պարտավոր էին տրամաբանական ավարտի հասցնել: Ստանալով Աղվան Մկրտչյանի գերազանց փոխանցումը` Արտավազդ Քարամյանը մեն-մենակ մնաց Սերգեյ Պարեյկոյի դեմ, սակայն հարվածեց մոտակա անկյունը, և դարպասապահը կարողացավ իր թիմին փրկել վերահաս գոլից: Գրոհի զարգացման ցանկացած այլ որոշում առավել կսրեր իրավիճակը, սակայն Քարամյանը որոշեց հենց այդ անկյունը հարվածել` ըստ երևույթին մտածելով, որ Պարեյկոն նշված տարբերակը կբացառի… Բայց վերջինս ճիշտ կողմնորոշվեց այդ դրվագում:
Չանցած երկու րոպե` հայ ֆուտբոլիստներն ստիպված էին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Ձախ թևում Ռագներ Կլավանի անցումն ավարտվեց դեպի տուգանային հրապարակ փոխանցմամբ: Այն բանից հետո, երբ Սերգեյ Ժենյովը վայր ընկավ ու չկարողացավ գրավել անպաշտպան մնացած դարպասը (Գևորգ Կասպարովը դուրս էր եկել իր տեղից), գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Սանդեր Պուրին: Գնդակը Ռոբերտ Արզումանյանից անդրադարձ թռիչքով հայտնվեց ցանցում` 1:0:
Մնացած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը պարտությունից խուսափելու մեկ ռեալ հնարավորություն ունեցավ, Սակայն Հենրիխ Մխիթարյանի` գլխով հարվածից հետո գնդակը լքեց խաղադաշտի սահմանները:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը 1 միավորով հաստատվեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Մեր թիմն այժմ 4 միավորով է զիջում նախավերջին տեղում ընթացող Էստոնիայի ընտրանուն: ՖԻՖԱ-ի հաջորդ վարկանշային սանդղակում հայաստանյան հավաքականի հետընթացն ապահովված է, քանի որ զիջել է այդ սանդղակում իրենից ցածր դիրք գրավող թիմին:
Եզրահանգում
Աշխարհի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականի համար վաղուց է ավարտված: Էստոնիայի ազգային հավաքականի հետ հանդիպումները պետք է ապացուցեին միայն, որ դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ մեր թիմն այնպիսի աստիճանի չի հասել, որ չկարողանա առավելության հասնել կարգով ավելի ցածր թիմի նկատմամբ: Ի դեպ, իր նշանակմանը հաջորդած առաջին մամուլի ասուլիսում Պոուլսենը նշում էր, որ հասկանում է, թե Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլում դրական արդյունքներից հետո ինչպիսի ոգևորություն է տիրում Հայաստանում, հավատացնում էր, որ կշարունակի լուսահոգի Իան Պորտերֆիլդի գործը և ավելի բարձր մակարդակի վրա կդնի Հայաստանի հավաքականին` պայքարելով աշխարհի առաջնության ուղեգրի համար: Մեկնարկային հանդիպումներում կրած պարտություններից հետո Պոուլսենն արդեն նախկինի պես լավատես չէր և պնդում էր միայն, որ խմբում Հայաստանի հավաքականը կարող է հաղթել միայն Էստոնիայի գլխավոր թիմին: Երևանում նա նվազագույն այդ խնդիրն էլ չլուծեց և հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Մինասյանը սկզբունքորեն չէր էլ կարող վերակենդանացնել թիմը, չնայած որ հայ ֆուտբոլիստները նրա գլխավորությամբ որակապես միանգամայն այլ խաղ ցուցադրեցին:
Վերջին ասուլիսներից մեկում Յան Պոուլսենը շարունակում էր «փափուկ բարձ» առաջարկելու քաղաքականությունը` շեշտելով, որ հայկական ֆուտբոլը լավ ապագա ունի, և երիտասարդ ֆուտբոլիստները, որոնց նա ներգրավում է թիմի հիմնական կազմում, 3-4 տարի հետո կաճեն ու հզոր հավաքական կձևավորեն: Պատասխանելով Aysor-ի թղթակցի հարցին, թե արդյոք մեր հավաքականը, նման հզոր հավաքական ունենալով այդ ժամանակաշրջանում, կկարողանա՞ պայքարել Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար, առավել ևս, որ այդ առաջնության եզրափակչին 16 թիմերի փոխարեն առաջին անգամ կմասնակցեն 24 թիմեր, Պոուլսենը կրկին խուսափողական պատասխան տվեց` առաջ քաշելով ենթակառուցվածքների ու մարզիչների խնդիրները:
Նշանակում է` մի քանի տարի հետո հզոր հավաքական ունենալու մասին նրա խոսքերն ընդամենը «ոսկոր» էին` շպրտված հաղթանակների քաղց ունեցող հայաստանյան ֆուտբոլասեր հասարակայնությանը:
Իսկ մեր նպատակը պետք է լինի 2016 թ. Եվրոպայի առաջնությունը, որին պետք է ձգտենք մեր բոլոր հնարավորություններով: Երիտասարդ սերունդն առաջիկա տարիներին պետք է հասունանա, փորձ ձեռք բերի և պատրաստ լինի այդ առաջնությունում լուրջ խնդիրների լուծմանը: Հաջորդ մարզիչը, ով էլ նա լինի, պետք է հստակ պատասխանի` արդյոք ունի՞ ծրագիր, որով Հայաստանի ազգային ընտրանին պետք է առաջնորդվի առաջիկա 7 տարիների ընթացքում` խաղամակարդակով եվրոպական բարձրակարգ թիմերին հավասարվելու համար: