03/04/2009 10:27
Դարցի մրցաշարը նվիրվում է մայրության և գեղեցկության տոնին
Ապրիլի 5-ին, ժամը 11:00 կմեկնարկի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» դարցի 2-րդ մրցաշարը, որը նախաձեռնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում են կազմակերպիչները:
Մրցաշարը նվիրվում է մայրության և գեղեցկության տոնին և նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությանը:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի Դարցի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Մրցաշարին աջակցում են «No Problem» ժամանցի կենտրոնը և «Կոկա-կոլա» Արմենիա ընկերությունը:
Մասնակցության հայտ են ներկայացրել հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մոտ 60 ներկայացուցիչ, հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդիկ:
Այս տարի հատուկ մրցանակ է սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:
Կազմակերպիչները անակնկալներ և հաճելի ժամանց են պատրաստել մասնակիցների համար, ինչը կնպաստի անմիջական շփմանն ու հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի շուրջ միավորվելուն: