03/04/2009 15:58
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բազմազավակ մայրերին 1 միլիոն շնորհեց
«Ապրում եմ Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում, ծնունդով Սպիտակից եմ, 17 երեխա ունեմ: Երբ ամուսնացա մի քանի տարի ես երեխա չէի ունեում: Անընդհատ աղոթում, խնդրում էի Աստծուն, որ մեկ երեխա գոնե ունենամ: Երբ ծնվեց առաջնեկս, երդվեցի, ինչքան երեխա ունենամ` պետք է լույս աշխարհ բերեմ: Այդպես էլ եղավ»:
Անթառամ Կիրակոսյանը մեկն է այն 11 մայրերից, որոնց այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրինությունը շնորհեց մեկ միլիոն դրամ: Այս անակնկալը նվիրված էր կանանց միամսյակին: Մեկ միլիոն դրամ շնորհվեց Երևանի և մարզերի ամենամեծ թվով երեխաներ ունեցող մայրերին. 11 մայր` 132 զավակ:
Շնորհավորելով բոլոր մայրերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նրանց «հերոսներ» անվանեց:
«Դուք շատ մեծ գործ եք արել, այսքան երեխաներ եք ունեցել` դիմանալով ծանր պայմաններին: Չեմ կասկածում, որ այդպես էլ դաստիարակել եք ձեր երեխաներին»:
Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ, իհարկե, սա բոլոր խնդիրները չի կարգավորում, բայց ուրախ է, որ կարողացավ մի փոքր ուրախություն պարգևել այս ընտանիքներին` կոչ անելով բոլոր հայ մայրերին` շատացնել հայ երեխաներին»: