06/04/2009 16:25
Ջուլֆալակյանն ու Պատրիկեևը ոսկե մեդալներ նվաճեցին
Վիլնյուսում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները, ինչպես և սպասվում էր, ընդհանուր առմամբ հաջող ելույթներ ունեցան և ոսկե մեդալներ նվաճեցին: Սակայն ամեն ինչի մասին` մանրամասն:
55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը հասավ քառորդ եզրափակիչ, սակայն այս փուլում զիջեց Ռուսաստանը ներկայացնող Բեքհան Մանկիևին և դուրս մնաց հետագա պայքարից:
Առաջին լուրջ հաջողությունն արձանագրվեց 74 կգ քաշային կարգում: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին` Արսենը, եզրափակչի ճանապարհին հաղթանակներ տոնեց Նևեն Զուգաջի, Ադամ Ջուրեցկոյի, Ալեքսանդրս Վիսնակովսի և Ալեքսանդր Կիկինիովի նկատմամբ: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Վոլոդիմիր Շացկիխն էր: Արսենը վստահորեն հաղթեց նաև նրան և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
84 կգ քաշային կարգում Դենիս Ֆորովն ասպարեզը լքեց 1/8 եզրափակչում` զիջելով Մելոնին Նոումոնվիին:
96 կգ քաշային կարգում Արման Գեղամյանը պարտություն կրեց առաջին իսկ գոտեմարտում` ընդդեմ չեխ Մարեկ Սվեցի:
120 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրի Պատրիկեևը, ով եզրափակչում պարտության մատնեց շվեդ Ջալմար Սյոեբերգին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Այսպիսով, Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: