06/04/2009 17:27
Ղարաբաղցի մարզիկը դարձել է Ֆրանսիայի վազքարշավի հաղթող
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` ս.թ. ապրիլի 5-ին Ֆրանսիայի Մյոդոն քաղաքի ավանդական վազքարշավին այս անգամ մասնակցում էին նաեւ ԼՂՀ- ներկայացնող մարզիկներ Աշոտ Հայրապետյանը եւ Արթուր Պետրոսյանը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից, 4900 մ վազքատարածությունում, որին մասնակցում էին ավելի քան 600 մարզիկներ, Աշոտ Հայրապետյանը գերազանցեց բոլորին եւ գրավեց առաջին տեղը: Վերոհիշյալ տարածությունը մարզիկն անցավ 15 րոպե 37 վայրկյանում` 9 վայրկյանով բարելավելով նախորդ տարվա հաղթողի արձանագրած ցուցանիշը:
Արցախցի երկրորդ մարզիկը` Արթուր Պետրոսյանը, գրավեց չորրորդ տեղը ընդհանուր մասնակիցների թվում եւ երրորդ տեղը` իր կատեգորիայի մասնակիցների թվում:
Ավելացնենք, որ Մյոդոնի ամենամյա վազքարշավն անց է կացվում 1990 թ. ի վեր: