13/04/2009 13:48
2 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ
Բուխարեստում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին երկու օրերին ասպարեզում 105 կգ և 105 կգ-ից բարձր քաշային կարգերում հանդես եկող մարզիկներն էին: Առաջին կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը երկամարտի 382 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը` իրենից հետ թողնելով միայն լիտվացի Մոդեստաս Սիմկուսին (380 կգ):
Իսկ 105 կգ-ից բարձր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը, ում հետ մեր թիմի մարզիչները լուրջ հույսեր էին կապում, պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ կարողացավ իր գլխավերևում պահել 187 կիլոգրամանոց ծանրաձողը: Ցավոք, հայ մարզիկը հաջորդ մոտեցման ժամանակ վնասեց ձեռքը և չբարձրացրեց 192 կգ քաշը: Չնայած վնասվածքին, Ռուբեն Ալեքսանյանը չդադարեցրեց պայքարը և փորձեց իր օգտին գրանցել պոկում վարժության երրորդ փորձը, որի արդյունքում միայն խորացրեց վնասվածքը ու չմասնակցեց հրում վարժությանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը` վաստակելով 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Կանանց թիմը 5 արծաթե և 2 բրոնզե մեդալով Եվրոպայում 6-րդն է: