14/04/2009 15:04
Նալչիկում կմեկնարկի շախմատային «Գրան Պրիի» 4-րդ մրցաշարը
FIDE-ի մշակած նախագիծը` 2008-2009 թթ. ընթացքում աշխարհի լավագույն բոլոր շախմատիստների մասնակցությամբ «Գրան Պրի» շարքի վեց մրցաշար անցկացնելու վերաբերյալ, սկզբում հիասթափություն առաջացրեց, քանի որ Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկն ու Վեսելին Տոպալովը հրաժարվեցին այդ ծրագրից: Անցած տարվա վերջին ՖԻԴԵ-ն փոփոխություններ մտցրեց աշխարհի առաջնության խաղարկության կանոններում, և «Գրան Պրիի» հաղթողների իրավունքները նվազեցին: Նրանց հիմա թույլատրում են մասնակցել սոսկ հավակնորդների մրցաշարին: Այդ անարդարությունը համաշխարհային շախմատի գլխավոր հույս նորվեգացի Մագնուս Կառլսենին ստիպեց հրաժարվել «Գրան Պրիից»: Իրավիճակն ավելի բարդացավ այն բանից հետո, երբ շախմատային շարքի երեք մրցաշարերը կազմակերպել ցանկացող երկրները հայտարարեցին, որ չեն կարող ծրագիրն իրականացնել ֆինանսական ճգնաժամի պատճառով: Խոսքը Շվեյցարիայի ու Չեխիայի մասին է:
ՖԻԴԵ-ի համար ստեղծված արտակարգ իրավիճակում Կիրսան Իլյումժինովին, ինչպես և մեկ տարի առաջ, օգնության ձեռք մեկնեց Կաբարդինո-Բալկարիայի նախագահ Արսեն Կանոկովը: Հիշեցնենք, որ 2008 թ. Նալչիկում անցկացվեց կանանց աշխարհի առաջնությունը, որն այդպես էլ վերջնական հանգրվան չի գտնում: Այդ քաղաքում վաղը շախմատային տախտակների առջև կհայտնվեն ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան Պրի» շարքի չորրորդ մրցաշարի մասնակիցները: Չնայած առկա կորուստներին, «Գրան Պրիի» յուրաքանչյուր մրցաշար վերածվում է խոշոր իրադարձության:
Ինչպես և նախորդ բոլոր փուլերում, 14 մասնակիցները կխաղան շրջանաձև համակարգով: 40 քայլի համար հատկացված է 2 ժամ, գումարած 1 ժամ` 20 քայլի համար: Ժամանակն սպառելու դեպքում շախմատիստը կստանա ևս 15 րոպե, իսկ արդեն այս ժամանակահատվածում յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդ քայլից, կավելացվի 30 վայրկյան:
Խաղային օրեր` ապրիլի 15-19, 21-24, 26-29:
Հանգստյան օրեր` ապրիլի 20 և 25:
Մասնակիցների կազմը` ըստ վարկանշի
1. Լևոն Արոնյան (Հայաստան, 2754)
2. Պետեր Լեկո (Հունգարիա, 2751)
3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2748)
4. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2746)
5. Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2733)
6. Էթյեն Բակրո (Ֆրանսիա, 2728)
7. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2726)
8. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2725)
9. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա, 2721)
10. Գատա Կամսկի (ԱՄՆ, 2720)
11. Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան, 2716)
12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան, 2696)
13. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան, 2695)
14. Պավել Էլյանով (Ուկրաինա, 2693)